«Գազպրոմի», «Վեոլիա ջրի», ՀԷՑ-ի կամ այլ գործընկերների հետ հաճախ խնդիրներ ենք ունենում, երբ այդ կառույցները ճանապարհների կողքին որոշակի աշխատանքներ են անում, ու հաճախ դրանք լինում են չհամաձայնեցված, հաճախ դրանք վերականգնվում են ոչ այնպես, ինչպես պետք է վերականգնվեն:
Այսինքն՝ ոչ միայն ձեր բարձրացրած հարցը տեղին է, այլև մենք այդ խնդրին բախվում ենք ու բարձրաձայնում ենք՝ ամենևին չթաքցնելով, որ նման խնդիր կա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե ճանապարհները հաճախ վերանորոգումից հետո այնպես են շարքից դուրս գալիս, որ կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն է առաջանում:
Նախարարը նաև նշել է, որ, այդուամենայնիվ, վերջին շրջանում այդ խնդիրների քանակը պակասել է համատեղ աշխատանքի արդյունքում:
Փոսալցման աշխատանքների որակի մասով ևս Գնել Սանոսյանը խնդիրներ է արձանագրել:
«Ցավոք սրտի, երկու ծայրահեղություն ունենք. մի դեպքում ունենք շինարարական ընկերություններ, որոնք վերջին տարիների շինարարական բումի արդյունքում կարողանում են շատ բարդ հատվածներում բավականին լավ ճանապարհներ կառուցել, ամբողջովին նոր ճանապարհներ՝ պայթեցնելով ժայռերը և այլն, այսինքն՝ դա որոշակի հզորություն է, կարողություն է, որը մեզ մոտ ձևավորվել է, մյուս կողմից՝ այդպես էլ մեր երկրում չգտանք շինարարական ընկերություններ, որոնք կարող են երկու իրար հաջորդող ասֆալտի կարն այնպես անել, որ չնկատվի: Այսինքն՝ ժայռերում, ձորերում կարողանում ենք ճանապարհ կառուցել, բայց ճանապարհի այդ երկու հատվածների միացման հատվածները հաճախ տեսանելի են և զգալի են վարորդի համար»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում