Ձիթապտղի ձեթի գինը ԵՄ-ում մեկ տարում ռեկորդային աճ է գրանցել. Euronews

2 Min Read

Ձիթապտղի ձեթը՝ միջերկրածովյան խոհանոցի ոսկե հիմքը, ռեկորդային աճ է գրանցել, հատկապես Հարավային Եվրոպայի երկրներում, որտեղ էլ հենց այն արտադրվում է,- հայտնում է Euronews-ը:

Եվրոստատի տվյալներով ՝ Պորտուգալիայում ձիթապտղի ձեթի գները 2024 թվականի հունվարին, նախորդ տարվա համեմատ, աճել են 69.1 %-ով, ինչը զգալիորեն գերազանցում է ԵՄ-ի 50% միջին ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ պարենային ապրանքների ընդհանուր գնաճը հունվարին կազմել է 4.8%:

Իսպանիայում՝ ձիթապտղի ձեթ արտադրող աշխարհի խոշորագույն երկրում, հունվարին գները նախորդ տարվա համեմատ աճել են 62.9%-ով:

Ամբողջ ԵՄ-ում գների տարեկան աճն արագացել է նախորդ տարվա երկրորդ կեսին: Օգոստոսին գրանցված 37%-ի համեմատ նոյեմբերին գնաճը կազմել է 51%:

2024 թվականի հունվարին ԵՄ յուրաքանչյուր երկիր արձանագրել է ձիթապտղի ձեթի տարեկան գնաճի զգալի աճ: Ընդ որում` Պորտուգալիան գրանցել է ամենաբարձր գնաճը Հունաստանի և Իսպանիայի հետ միասին:

Միևնույն ժամանակ, Ռումինիայում գրացվել է գների ամենացածր աճը (13%): Եվրոստատը Մեծ Բրիտանիայի վերաբերյալ որևէ տվյալ չի հաղորդել:

Նշվում է, որ գնաճ է գրանցվել վերջին երկու տարիների ընթացքում և հիմնականում դա պայմանավորված է եղել երաշտով և ծայրահեղ շոգ ջերմաստիճանով այնպիսի երկրներում, ինչպիսին Իսպանիան է, որտեղ ձիթապտղի ձեթի արտադրությունը 2023 թվականին կիսով չափ կրճատվել է:

Միջերկրական ծովի երկրներում ձիթապտղի ձեթի մեծ պահանջարկ կա, որն էլ ավելի է բարձրացնում գները, իսկ Իսպանիայում, օրինակ, ձիթապտղի ձեթի 80%-ը արտադրվում է արտահանման նպատակով:

Արդյո՞ք ձիթապտղի ձեթի գինը կրկին կբարձրանա

Ակնկալվում է, որ ձիթապտղի ձեթի համաշխարհային գները կշարունակեն բարձրանալ, քանի որ երաշտն ազդել է 2023-2024.թթ.-ի գյուղատնտեսական տարվա բերքի վրա:

Իսպանիայում ակնկալում են, որ արտադրությունը 1 մլն տոննայից ցածր կլինի:

Իսպանիայի առաջատար գյուղատնտեսական միությունը՝ Cooperativas Agro-alimentarias-ը, գնահատել է, որ արտադրությունը կաճի մինչև 755 000 տոննայով, ինչը դեռ միջինից ցածր է, բայց նախորդ տարվա բերքի ռեկորդային ցածր բերքատվության (664 033 տոննա) համեմատ ավելի շատ է:

 

Կիսվեք այս հոդվածով