Հայաստանում կսահմանափակվի մի շարք քաղաքացիների, այդ թվում կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին:
Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները՝ թե սպառողների շահերի պաշտպանության, թե ֆիսկալ հսկողության տեսանկյունից: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»,-ասել է Բադասյանը:
Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն:
Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։
Սահմանվել են խաղին մասնակցելու սահմանափակումներ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար: Այսպիսով՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը խաղերին, ովքեր օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աջակցության որևէ ծրագրից՝ օգտվելուց հետո որոշակի ժամանակահատվածում:
Արգելվում է նաև այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են, ինչպես նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են կամ, եթե ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ, կամ, եթե հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:
Սահմանվել են նաև խաղաղային գործունեության կարգավորման օպերատորի, կազմակերպչի պարտականությունները: Ըստ օրենքի նախագծի՝ կազմակերպիչն ապահովում է խաղային գործունեության իրականացումը բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված և սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով՝ խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում:
Կազմակերպիչը պարտավոր է ապահովել խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում, խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը և այլն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում