«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում:
Արձանագրությամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, և ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը, ինչպես նաև սահմանվում է ֆինանսական աջակցության ձևաչափը՝ համապատասխանաբար, Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով:
Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին:
Նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիք:
Իրական հատվածում համագործակցության ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը և կխթանի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները՝ ապահովելով նաև փոքր տնտեսությունների մասնակցությունը նոր բարձր տեխնոլոգիական արտադրությունների մշակման և կիրառման գործընթացներին:
«Նշեմ, որ աջակցության չափը մեկ տարվա համար մոտավորապես կկազմի 20-22 մլն դոլար, և մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3.8 մլն դոլար»,- նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Տերյանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է՝ մի շարք կաթնամթերք արտադրողներ են դիմել ԱԺ՝ տեղեկացնելով, որ ՌԴ-ն և Բելառուսն արգելել են հայկական կաթնամթերքի ներմուծումը իրենց շուկաներ, այնինչ այդ երկրների արտադրանքը հայկական շուկայում է, և հայ արտադրողները հայտնվել են ոչ մրցունակ վիճակում:
Պատգամավորը հարց է ուղղել Նարեկ Տերյանին՝ նամակ արդյոք ստացե՞լ է էկոնոմիկայի նախարարությունը, և ի՞նչ են մտածում անել: Վերջինս տվեց դրական պատասխան:
«Այո՛, ստացել ենք, և ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել ենք: Կազմվել էր հայ արտադրողների ցուցակ, որը համաձայնեցվել էր ռուսական, բելառուսական և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, որպեսզի կարողանային արտահանել արտադրանքը ԵԱՏՄ շուկա: Հիմա, ինչքանով մեր նախարարությունը տեղյակ է, հարցը մասամբ լուծված է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարը:
Նա ընդգծեց՝ հայկական արտադրողների կաթնամթերքն արգելված չէ արտահանել ԵԱՏՄ շուկա:
«Կան արտադրողների ռեեստրներ, և այն արտադրողները, որոնք ներառված են այդ ռեեստրներում, արտահանվում են ԵԱՏՄ շուկաներ, կան արտադրողներ, որոնք խնդիրներ ունեն: Նրանց հետ մենք հիմա աշխատում ենք, որ այդ խնդիրները հիմա լուծվեն: Ասել, որ ՌԴ-ի և ԵԱՏՄ այլ երկրների շուկան փակ է մեր կաթնամթերքի առաջ, այդքան էլ ճիշտ չէ: Այն բաց, է, և խնդիր ունեցող արտադրողների հետ աշխատում ենք»,- մանրամասնել է Տերյանը:
Իր հերթին, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք քննարկվել է այնպիսի հարց, որ մեծ խանութներում կամ ցանցերում լավագույն տեղերում մի հատված հատկացվի հենց տեղական արտադրողին:
Նա իր հնչեցրած հարցը բացատրեց հայ արտադրողների մտահոգություններով:
«Այո՛, դա մեր օրակարգում է, և նման քննարկումներ ընթանում են, որ սահմանվեն այնպիսի կարգավորումներ, որ հայկական արտադրողներն ավելի լավ ցուցադրվեն: Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս կներկայացնենք»,- պատասխանել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում