Ինչպիսի՞ արտակարգ դեպքեր են արձանագրվել Հայաստանում 2023թ-ին

2 Min Read

Աշխարհի ոչ մի պետություն ապահովագրված չէ արտակարգ դեպքերից ու պատահարներից, որոնք անդառնալի հետքեր են հաճախ թողնում թե՛ երկրի կարևոր ենթակառուցվածքների, թե՛ հասարակության բնականոն կյանքի վրա։

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ պետությունը հսկայական գումարներ է ծախսում։ Միևնույն ժամանակ բյուջեից գումարներ են հատկացվում արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար։

Հայաստանում 2023թ-ին 2022թ-ի համեմատ արձանագրված արտակարգ դեպքերի թվաքանակը նվազել է 2%-ով՝ կազմելով 13,953 միավոր։

Տուժած անձանց թվաքանակը 2023թ-ին 2022թ-ի համեմատ կրճատվել է 85%-ով՝ կազմելով 16,330 մարդ, որից զոհվել են 428-ը։

Դիտարկենք իրավիճակը առավել մանրամասնորեն․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ին ՀՀ-ում արձանագրված տարերային վտանգավոր երևույթների գրանցված դեպքերի քանակը կազմել է 591 միավոր, որը 2022թ-ի համեմատ կրճատվել է 15%-ով։ Տարերային վտանգավոր երևույթների արդյունքում ունեցել ենք 10 տուժած։

 Տարերային վտանգավոր երևույթներից ՀՀ-ում դիտվել են հիմնականում վայրի կենդանիների հարձակում, ուժեղ քամի, փոթորիկ, մրրիկ, պտտահողմ, փոշեփոթորիկ, ինչպես նաև մերկասառույց։

Հաջորդը սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերն են, որոնց արձանագրված թվաքանակը 2023թ-ին աճել է  3%-ով` կազմելով 3,049 միավոր։

Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի արդյունքում արձանագրված տուժածների թվաքանակը 2023թ-ին 2022թ-ի համեմատ նվազել է 91%-ով՝ կազմելով 9,195 մարդ։

Արձանագրված սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի 93%-ը կապված է թունավորումների հետ։

2023թ-ին արձանագրվել է 10,313 միավոր տեխնածին արտակարգ դեպք, որի արդյունքում տուժածների թվաքանակը կազմել է 7,125 մարդ։

1 տարվա կտրվածքով տեխնածին արտակարգ դեպքերի թվաքանակը կրճատվել է 3%-ով, իսկ տուժածների թվաքանակն աճել է 6%-ով։

Տեխնածին արտակարգ դեպքերի պարագայում առաջին տեղում են հայտնվել ճանապարհատրանսպորտային պատահարները, երկրորդ հորիզոնականում են բուսածածկ տարածքում հրդեհները, իսկ երրորդ տեղում են հրդեհները աղբի մշտական և ժամանակավոր կուտակման վայրերում։

Share This Article