«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը 2024թ.-ին ՀՀ-ում կանխատեսում է 6.2% տնտեսական աճ

2 Min Read

2024թ. փետրվարի 23-ին «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն» հեռանկարը: Այս մասին հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի պահպանման հիմքում ընկած են երկրի տնտեսական բարձր աճի հեռանկարը, արտաքին ֆինանսավորման շարունակական հասանելիությունն ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, որն էլ օգնել է պահպանել երկրի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը վերջին տարիներին՝ չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին:

Կայուն հեռանկարն արտացոլում է մի կողմից Հայաստանի բարենպաստ տնտեսական աճի հեռանկարը և կառավարության պարտքի կայունության ու կառավարելի մակարդակում պահպանումը, իսկ մյուս կողմից՝ արտաքին վճարային հաշվեկշռի առկա ռիսկերը և աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսության մարտահրավերներին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Ռուսաստանի Դաշնության միգրանտների հոսքերի, ինչպես նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքական անորոշության հետ: Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի բացակայության պարագայում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ՝ արտացոլելով հիմնականում դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ կապիտալի և աշխատուժի հոսքի հետևանքով ձևավորված ավելի բարձր արտադրողական կարողությունները:

Գործակալությունը, անդրադառնալով 2022-2023թթ. 10.7% միջին տնտեսական աճին, որը երրորդն ամենաբարձր ցուցանիշն է իր կողմից վարկանիշավորվող երկրների շարքում՝ Հայաստանի համար 2024թ. կանխատեսում է 6.2% տնտեսական աճ՝ տեմպի դանդաղումը պայմանավորելով արտաքին խոշոր առևտրային գործընկերների պահանջարկի նվազմամբ և ռուս միգրանտների ու կապիտալի ներհոսքի կրճատմամբ: Ակնկալվում է, որ արտաքին գործոններին կհակազդի ներքին սպառման, ենթակառուցվածքներում պետական ներդրումների և մասնավոր ներդրումների աճը՝ ուղղված, ի թիվս այլնի, ԼՂ բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը:

Կիսվեք այս հոդվածով