Գարնանային ծառատունկի շրջանակում երևանյան շուրջ 20 այգիներ և պուրակներ կլրացվեն արժեքավոր ծառերով։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ տնկվելու են 50 հազար ծաղկող թուփ, շուրջ կես միլիոն ծաղիկ ու դեկորատիվ թուփ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ծառերի փոխարինման ծրագրերին, ասել է, որ պետք է այդ փողոցներով շրջայց իրականացվի, որին կմասնակցեն մասնագետներ, կհրավիրվեն նաև ավագանու անդամներ, որից հետո, տեղում ծանոթանալով, եզրահանգումներ կանեն։
Մաշտոցի պողոտայում նախատեսված է լրացնել սիզամարգերը մշտադալար և գեղատեսիլ բուսատեսակներով՝ կծոխուր, գիհի կազակական և սանթորին։ Պողոտայում սոսիների բնաբաժակները նախատեսված է լրացնել կուսածաղիկներով, իսկ հետիոտների համար նախատեսված միջնամասերի սիզամարգերում մշտադալար թփատեսակներ կտնկեն։
Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտան մոտ, կենսունակության ավարտի մոտ գտնվող թեղիները կփոխարինվեն լենքորանյան ալբիցիայով և օճառածառով։ Կվերանորոգվի նաև տարածքի ոռոգման համակարգը, որն այժմ վատ վիճակում է։
Բագրատունյաց պողոտայում կենսունակությունը կորցրած թեղիները կփոխարինվեն ճապոնական սաֆորա ծառատեսակով։
Մելիք Ադամյան փողոցում՝ կառավարության ետնամասում, թեղիները կփոխարինվեն կատալպա գնդաձև ծառատեսակով։ Հաշվի առնելով շենքի ճարտարապետական նշանակությունը՝ այնտեղ միջին սաղարթ ձևավորող ծառատեսակ է որոշվել տնկել։
Խանջյան փողոցում ոռոգման ցանց կանցկացվի, որից հետո ձիակասկ պավիրաներ կտնկվեն։
Սայաթ Նովա պողոտայի վերջնամասում՝ Օղակաձև զբոսայգու եզրագծող հատվածում, ձիակասկ կտնկվի, իսկ պողոտայի՝ դեպի Արգենտինայի հրապարակ գնացող հատվածում կտնկվի գնդաձև սոսի։
Թումանյան փողոցում իրականացվում են ոռոգման ջրագծի անցկացման աշխատանքներ։ Նախատեսված է տնկել հուդայածառեր։
Ուլնեցի փողոցի մի մասի թեղիները արդեն փոխարինվել են ձիակասկերով, նախատեսված է շարունակել նույն ծառերով։
Բաբաջանյան պողոտայի միջնամասում կտնկվեն գնդաձև կատալպաներ։
Նորք Մարաշում 10 հեկտարի վրա կհիմնվի քաղաքային անտառ։