Իրանից Հայաստան ժամանած ավտոբուսի մեջ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Օրերս Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած Իրանի քաղաքացի Ֆ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության ընթացքում Շնագիտական բաժնի (կենտրոն) հատուկ վարժեցված շունը ավտոբուսում առկա իրերից մեկի՝ առաքանիի նկատմամբ դրսևորել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ։ Որոշում է կայացվել մանրակրկիտ զննել առաքանիում  առկա սրճեփ մեքենան, որի տուփը բացելուց հետո հայտնաբերվել են թաքցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով և պահպանակով փաթեթավորված թմրամիջոցներ հիշեցնող փաթեթներ:

Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով լցված 9 փաթեթ` 121.26 գրամ քաշով, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված և պահպանակով փաթեթավորված «LA CASA DE PAPEL» գրառմամբ 100 հատ վարդագույն դեղահաբ և նմանատիպ  փականով ևս մեկ պոլիէթիլենային տոպրակ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 0.52 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածներով։ Դեղահաբերն ու սպիտակ զանգվածը ստուգվել են հատուկ սարքով: Արդյունքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման մեջ, ցույց են տվել, որ դրանք թմրամիջոցներ են:

Մաքսանենգության հիշյալ դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: «Մարիխուանա», «ՄԴՄԱ»  և «կոկաին» տեսակների թմրամիջոցներին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Երևան քաղաքի  Ամերիկայի փողոցում  գործող պահեստի դիմացի հատվածից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ա․Ղ․-ն, որտեղ կազմվել է ձերբակալման վերաբերյալ արձանագրություն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

Ձերբակալված քաղաքացին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներին հայտնել է, թե ով է իրականում ուղարկել նշված արկղ-առաքանին  և այն ինքը ում պետք է փոխանցեր: Օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շրջանակում Երևանի  Թբիլիսյան խճուղու բակերից  մեկում ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նաև ԻԻՀ քաղաքացի Մ․Խ-ն, որտեղ նա ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Վերջիններս տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացին էլ ձերբակալվել և կալանավորվել են»,- նշված է հաղորդագրությունում։

 

Կիսվեք այս հոդվածով