Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի: Այն կշարունակի գործել մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը: Այս նախագիծը կառավարության նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ծրագիրը հայտնի է «Ռենովացիա» անունով, և, ըստ նախարարի, Կառավարության հաջողված ծրագրերից է, որն իր բոլոր թիրախային կետերին հասնում է, նույնիսկ մի շարք դեպքերում կան նախատեսվածից ավելի շահառուներ:
«Ծրագիրը սկսել ենք 2022-ի կեսերից, և այդ տարի արդեն ունեցել ենք 1265 շահառու, 2,5 միլիարդ դրամի վարկ, որից Կառավարության կողմից 40 միլիոն դրամն է հատկացվել: 2023 թվականին պատկերն էապես բարելավվել է, և շահառուների թիվը հասել է 7638-ի, աճը կազմում է 504 տոկոս: Եվ, իհարկե, դրան համապատասխան 16 միլիարդ դրամի վարկային միջոցներ են տրամադրվել, Կառավարության մասնաբաժինը 860 միլիոն դրամ է, և այդ ծրագիրը մինչև այս տարի հուլիսի 1-ն է: Առաջարկում ենք այս նախագծով ևս մեկ տարի երկարացնել՝ հաշվի առնելով ծրագրի դրական տենդենցները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ հիմնականում արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ են դրվում, բայց նաև շատացել են բնակարանների վերանորոգումները:
ՀՀ վարչապետ Փաշինյանը հիշեցրելէ, որ այս որոշումը կապված է արտագնա աշխատանքի մեկնողների հետ:
«Ի՞նչ կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք՝ մարդիկ պետք է սրանով բնակարաններ նորոգեն: Առաջինը՝ ո՞վ պիտի այդ նորոգումն իրականացնի, պետք է իրականացնեն արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը: Երկրորդը՝ մենք խոսում ենք, որ գյուղական բնակավայրերում բազմաթիվ մեծ տներ կան, որոնք ժամանակին կառուցվել են այլ տրամաբանությամբ, ու քանի որ տուրիստների թիվն աճում է, մենք ռենովացիայի ծրագրերով պիտի աջակցենք նաև, որ մարդիկ իրենց տները վերափոխեն գյուղական բնակավայրերում, և մեծ տների մի մասը հյուրատներ ստեղծեն և այլն: Այդ հաշվարկը, մեծ հաշվով, արդարացավ, որովհետև մեծ հաշվով 2023-ին մենք բոլոր ժամանակների համար ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ենք ընդունել, և տեսնում ենք, որ ծրագիրը, բավականին մեծ թվով շահառու ունի»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նաև պարզաբանել է, որ, ըստ ծրագրի՝ քաղաքացին ստանում է վարկ, կառավարությունը վարկի տոկոսները սուբսիդավորում է. սահմանամերձ բնակավայրերում բանկի սահմանած տոկոսը զրոյացվում է, Երևանում բանկի սահմանած տոկոսը 9 տոկոսով է նվազում, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 11 տոկոսով, գյուղական բնակավայրերում՝ 12 տոկոսով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում