Արտագնա աշխատանքի մեկնած և վերդարձած մեր հայրենակիցները պետք է նկատեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ:
Այս մասին կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկմանը։
«2018թ.-ից մինչև այսօր Գեղարքունիքում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 189 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել։ Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու»,- Գեղարքունիքի մարզում կատարված ծրագրերը թվարկել է վարչապետը։
Արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ ՊԵԿ նախագահ Ռուսատամ Բադասյանն ասել է, որ այս փուլում նրանց չեն հարկի, այլ՝ փուլային տարբերակով կգնան հարկման ներդրմանը։
«Գնում ենք այն ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը, ուղղակի այդ դեպքում ստացվում է այնպես, որ չգրանցվածի վերաբերյալ տեղեկություններ չենք ստացել, իսկ գրանցվածի վերաբերյալ ստացել ենք, բացի այդ, քանի որ երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել ու եկամտային հարկ չի վճարվել, այդ դեպքում որոշակի տույժեր են հաշվարկվել: Կարծում ենք՝ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել ու վերացնել այս ազդեցություններն ու գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրմանը»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք պետք է վճարեն հարկերը:
Նրա խոսքով՝ ո՞նց կարող են չվճարել, հակառակ դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:
«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։ Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներից եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կոշի՞կն է մենակ մաշվում, ճանապարհն էլ է մաշվում։ Էս ի՞նչ վերաբերմուքն է։ Կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,- հայտարարել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ հարկ վճարելով քաղաքացին գումարը աջ գրպանից ձախն է տեղափոխում, և այդ հարկերի միջոցով նաև երկրի անվտանգության հարցերն են լուծում։