ՀՀ ֆինանսական համակարգում վերադասավորումները շարունակվում են։ Հերթը հասավ Արքա-յին (Արմենիան Քարդ). պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2024թ․-ի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները։
Ընկերությունը դիմել է իր հաճախորդներին և նշել, որ ապագայի մասով կան մեծ պլաններ, որոնց շրջանակում շուտով ներկայացվելու են նոր, ժամանակակից պրոդուկտներ գործընկեր բանկերի համար: Դրանք օգնելու են զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում։ Անշուշտ, այս փոփոխությունները տեղի են ունենում շուկայում առկա իրավիճակի ֆոնին։
Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ խոսքը միայն վերաբերում է հավելվածին, իսկ ԱրՔա քարտերով գործառնությունները շարունակվում են։
Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից թողարկված ԱրՔա քարտերով գործարքների ծավալները և քանակները։
ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․-ի 4-րդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից թողարկված ԱրՔա քարտերով գործարքների քանակը Հայաստանում կազմել է մոտ 99 մլն միավոր, իսկ արտասահմանում՝ մոտ 7 մլն միավոր։
Նկատենք, որ ԱրՔա քարտերով գործարքների թիվը Հայաստանում և արտասահմանում 2023թ․-ի 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է համապատասխանաբար 87%-ով և 29%-ով։
Մյուս կողմից, ԱրՔա քարտերով գործարքների ծավալները Հայաստանում և արտասահմանում կազմել են համապատասխանաբար մոտ ֏1,6 տրլն և ֏186 մլրդ։ Վերջիններիս աճը 2022թ-ի 4-րդ եռամսյակի համեմատ կազմել է համապատասխանաբար 32% և 12%։
Հետաքրքիր է ուսումնասիրել նաև Հայաստանում ԱրՔա քարտերով իրականացված գործառնությունների ծավալների կառուցվածքը 2023թ-ի 4-րդ եռամսյակի դրությամբ․
Վիճակագրական տվյալների օգնությամբ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ԱրՔա քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալների մոտ 52%-ը պատկանում է կանխիկի ստացմանը։
Երկրորդ տեղում է ապրանքի, ծառայության դիմաց վճարումը՝ մոտ 20%-ը։
Երրորդ հորիզոնականում են այլ անկանխիկ գործառնությունները՝ մոտ 13%-ը, որի մեջ, ինչպես նշվում է ԿԲ կողմից հրապարակված տվյալներում, ներառված են «Հաշվի ամրագրում/փոխանցումները» (հանած «գործառնական օր»-ով կատարած գործառնությունները, ներառած՝ «վճարում», «փոխանցում», «անկանխիկ մուտք»-ը), ինչպես նաև «այլ վճարումները» և «վարկի մարումները» (հանած «գործառնական օր»ով կատարած գործառնությունները):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում