ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2025 ֆինանսական տարում կնվազեցնի վերազինման ծախսերը մոտավորապես 10 միլիարդ դոլարով, որպեսզի համապատասխանի 2023 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ բարձրացնելու Միացյալ Նահանգների պարտքի «առաստաղը»։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ինչպես պարզաբանում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2023 թվականի հունիսին ստորագրել է Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված օրինագիծը՝ բարձրացնելու ազգային պարտքի «առաստաղը», որը նաև նախատեսում է դաշնային գերատեսչությունների ծախսերի 1%-ով կրճատում։ Ակնկալվում է, որ Պենտագոնը մարտին կներկայացնի գործակալության` 2025թ.-ի ֆինանսական տարվա (հոկտեմբերի 1-ի սկզբից) ֆինանսավորման հայտ՝ ընդամենը 850 միլիարդ դոլարի չափով:
Պարբերականը նշում է, որ այս ցուցանիշը արտացոլում է պաշտպանական ծախսերի կրճատումը մոտավորապես 10 միլիարդ դոլարով (մոտ 1%)՝ 2023 թվականի մարտին ներկայացված բյուջետային հայտում պարունակվող հաջորդ ֆինանսական տարվա կանխատեսման համեմատ։ Ինչպես երևում է Պենտագոնի կայքի փաստաթղթերից, այն ժամանակ գերատեսչությունն ակնկալում էր, որ 2025 ֆինանսական տարվա իր բյուջեն կկազմի մոտ 859,7 միլիարդ դոլար։
Politico-ն ընդգծում է, որ գերատեսչությունը պատրաստ չէ կրճատել աշխատակիցների վճարումների ծախսերը։ Այսպիսով, բյուջեի կրճատումը կիրականացվի ամերիկյան զինված ուժերի վերազինման ծախսերի կրճատմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում