Մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեությունը կկազմակերպվի կառավարության սահմանած մրցույթով. նախագիծ

3 Min Read

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են բիզնես միջավայրը բարելավող փոփոխություններ:

«Ներկա կարգավորումներով դասակարգման որոշումներ տնտեսավարողը պետք է ստանա մինչև ապրանքների ներմուծումը: Սակայն շատ դեպքերում ապրանքների ներմուծումից հետո է առաջանում վերջնական ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման անհրաժեշտություն»,- նշել է զեկուցողը և հավելել՝ փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում վերացնել տնտեսվարողների համար հնարավոր խոչընդոտները:

Լրամշակվել է նախագծի 2-րդ հոդվածը, առաջարկվում է վերացնել պետական գանձապետարանի հաշվին երաշխիքով երաշխիք տված անձի պարտավորությունների կատարման համար դրամական միջոցների առկայության պայմանը:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ քննարկվել է նաև ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող և կից օրինագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ իրականացվում են վարչարարական մի շարք փոփոխություններ: Նախատեսվում է տեսահսկման համակարգի միջոցով բարելավել հարկային վարչարարությունը: Մասնավորապես, հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր տեսաձայնագրել:

Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնությամբ տնտեսվարողների վրա դրվում էր պարտականություն ունենալ տեսահսկման համակարգ: Սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ դրույթը հանել նախագծից:

Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է:

«Այս տեղեկատվությունը կհամադրվի հարկային մարմնի բազայում առկա հարկ վճարողի կողմից ներկայացված տեղեկատվության հետ: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում սահմանված է, որ դա կկատարվի հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարում, այն անձը, որ կհամարվի հայտարարատու, միայն իր մասով կարող ենք ստանալ այդ ամփոփ տեղեկությունները»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ:

Մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը որոշումը և չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին:

Կիսվեք այս հոդվածով