Ամերիաբանկի և HSBC -ի հետ գործարքները հնարավորինս թափանցիկ են. ՀՀ բանկերի միության նախագահ

2 Min Read

Ամերիաբանկի հնարավոր վաճառքի առնչությամբ ոչ մի փակ կամ մութ բան չկա․ ընթացքը հնարավորինս թափանցիկ է և անհանգստանալու տեղ չի թողնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

«Bank of Georgia Group-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, ընդ որում՝ պրեմիում դասի ցուցակված ընկերությունների շարքում է, որի բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի կազմակերպություններ են։ Միջազգային բորսաների պահանջներով ցուցակված ընկերությունները պարտավոր են բոլոր կարևոր գործարքները հրապարակել: Այստեղ ոչ մի փակ, կամ մութ բան չկա»,- նշել է ՀԲՄ նախագահը։

Ինչ վերաբերում է բանկի հայ հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ մտահոգություններին, Ազատյանն արձագանքեց․

«Բանկային գործունեության կարգավորումն այնպիսին է, որ բանկային գաղտնիքի, տեղեկատվության պահպանումը շատ հստակ սահմանված է, և որևէ բանկի դեպքում, անկախ նրանից՝ մեկ բաժնետերով բանկ է, թե բաց բաժնետիրական ընկերություն, ցուցակվա՞ծ է արդյոք այս կամ այն բորսայում, բաժնետերերի իրավունքները շատ հստակ են։ Յուրաքանչյուր կառավարման մարմին ունի իր լիազորությունները և խստիվ պետք է հետևի այդ լիազորությունների կատարմանը, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան»,- նշեց Բանկերի միության ղեկավարը։

Անդրադառնալով HSBC Հայաստան բանկի վաճառքին Արդշինինբանկին` ՀԲՄ նախագահը նշում է՝ բանկերի միավորումը սովորական բան է․

«Ժամանակին նույն Ամերիաբանկը ձեռք բերեց Կասկադ բանկը, Զարգացման հայկական բանկն էլ մտավ Արարատբանկի կազմի մեջ: Մենք զերծ կմնանք գնահատական տալուց։ Այնուամենայնիվ՝ կարծում ենք, որ միջազգային բրենդ ունեցող բանկերի առկայությունը մեր համակարգի համար կարևոր է»,- ասաց Դանիել Ազատյանը։

ՀԲՄ նախագահը շեշտեց, որ վերջին տարիներին HSBC-ն իր կապիտալը տեղափոխում է կապիտալի կենտրոններ՝ նախապատվություն տալով այլ շուկաների․

«2021 թվականից հետո HSBC-ն դուրս է եկել շուրջ 7 երկրից՝ ԱՄՆ շուկաներից, Ֆրանսիայից, Հունաստանից։ Վրաստանից եւ Ադրբեջանից բանկն արդեն դուրս էր եկել: Այնպես որ, ԱՊՀ երկրներից մնացել էր միայն Հայաստանը»։

TAGGED:
Share This Article
2 Comments