5,2 տրլն դրամի վարկեր, 4,6 մլն հաճախորդ. ՀԲՄ-ն ամփոփել է տարին

3 Min Read

18 առևտրային բանկ և 523 մասնաճյուղ: 2023թ․ դրությամբ հայաստանյան բանկային համակարգի ակտիվները կազմել են 9,1 տրլն դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

«Կտրուկ՝ շուրջ 42 տոկոսի աճ կա շինարարությանը տրվող վարկերի ծավալում: Դա կազմում է 500 մլրդ դրամ: Անցնող տարում  5,2 տրլն վարկային ներդրումներից  սպառողական վարկերին է բաժին ընկել 1 տրլն դրամ, կամ ներդրումների 23 %-ը, նույնքան էլ հիփոթեքային վարկերինն է»,-նշել է ՀԲՄ նախագահը:

Հայկական դրամը բարելավում է դիրքերը
2020 թ․ սկսած՝ դրամի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային ներդրումների մեջ բարձրացել է մինչև 64 %:

«Իհարկե այս ցուցանիշն այն բանի արդյունքն է  որ ԱԺ-ն, Կենտրոնական բանկը մի շարք վարկատեսակների համար սահմանեցին դրամով  տրամադրման պահանջ: Սա դրական միտում է: Որքան բանկերի հաշվեկշռում լինեն դրամային վարկեր, այնքան  ցածր կլինեն արտարժույթային ռիսկերը, և կառավարումը կլինի ոչ ծախսատար»,- ասաց բանկերի միության նախագահը:

Նվազել է բանկերի շահույթը, պատճառն Արցախին տրվող ակտիվներն են

2023թ․ դրությամբ բանկերի շահույթը կազմել է 230 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է: ՀԲՄ նախագահի խոսքով՝ սա պայմանավորված է Արցախի հանրապետության համար դուրս գրված ակտիվներով: Կառավարության հետ փոխգործակցության արդունքում՝ նախորդ տարի բանկերը զիջեցին արցախցիների վարկերը 70/ 30 համամասնությամբ:

Կտրուկ աճել է բանկերից օգտվողների թիվը՝ 9, 3 մլն հաշիվ, 4 մլն 590 հզ հաճախորդ

2023թ․ բանկային հաշիվների թիվն աճել է 1մլն 460 հազարով կամ 18 տոկոսով: «Հաշիվների աճը պայամնավորված է  անկանխիկ գործառնությունների մասին օրենքի  ընդունմամբ: 2023թ․ բանկերը 33մլն 720 հազար քարտ են թողարկել: 2022թ․ համեմատ՝ այս թիվն ավելացել է 540 հազարով»,- նշեց բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:

705 մլրդ դրամի գործարք՝ Հայաստանից դուրս

Նախորդ տարի մեր երկրում արվել է 400 մլն քարտային գործարք, որը 2022թ․ համեմատ կրկնապատկվել է: Գումարային առումով սա կազմում է 6,6 տրլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով:

«400 մլն գործարքից 338 մլն-ն արվել է Հայաստանում, իսկ 24 մլնը՝ երկրից դուրս: Գումարային առումով նախորդ՝ 2023թ․ մեր երկրում գրանցվել է 5,6 տրլն դրամի գործարք, 705 մլրդ դրամի գործարք՝ Հայաստանից դուրս»,- նշել է ՀԲՄ նախագահը: Ի դեպ, ՀԲՄ տարեկան զեկույցի տվյաներով՝ 60-70 %- ով աճել է նաև արտասահմանյան քարտերով Հայաստանում արված գործարքների թիվը:

Բակոմատների քանակը նվազել է 68-ով, 10000-ով ավելացել են տերմինալները

Հայաստանում այս պահին գործում է 1570 բանկոմատ, ավելի քիչ, քան նախորդ տարի էր, փոխարենն ավելացել է POS  տերմինալների թիվը: Այս պահին մեր երկրում կա 80․000 տերմինալ:

32% գոհ, 13 % դժգոհ հաճախորդներհայերը սկսել են ավելի շատ վստահել բանկերին

Հայաստանի բանկերի միությունն առաջին անգամ հետազոտել է նաև բանկերի նկատմամբ հանրային ընկալումը: 3000 սպառողների հարցման արդյունքում պարզվել է, որ մարդկանց 62 % –ը դրական է  վերաբերվում բանկային համակարգին, 13 % –ը բացասական կարծիք ունի:

 

Share This Article