Երևանում շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման հետևանքով նորակառույց շենքերի բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ այս հայտարարությունն արեցին կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները։
Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։
«Դա ենթադրում է, որ բնակարաններն այլևս հասանելի չեն լինի այն ընտանիքներին, որոնք 800 000–ից 1 մլն դրամ եկամուտ ունեն»,- ասել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։
Կառուցապատողները պնդում են` եթե որոշումը չփոխվի, ապա շինարարության ոլորտում ներդրումներ անելը պարզապես անիմաստ կլինի։
«Երևանում գոտիներ կան, որտեղ տեղական տուրքի ու վճարի հանրագումարային թիվը 5-6 անգամ գերազանցում է շահութահարկը։ Սրանից հետևում է, որ կառուցապատողները կա՛մ էականորեն կբարձրացնեն վաճառվող տների գները, կա՛մ կառուցապատմամբ զբաղվելն առնվազն ձեռնտու չի լինի բիզնեսի համար, ու նրանք իրենց բիզնեսը զարգացնելու համար կգնան այլ երկրներ»,– քննարկման ժամանակ ասել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ նրանց` շատերն արդեն հրաժարվել են ներդրումներից, քանի որ երաշխիք չունեն, որ վաղը նոր տուրքեր չեն սահմանվի պետական գրանցման կամ հասցեի տրամադրման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում