ՀՀ-ից Իրան արտահանման ծավալները կրճատվել են երկնիշ թվով. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են անհանգստացնել բոլորիս։ Փաստացի Հայաստանը չի կարողանում ընդհանուր եզրեր գտնել հարևանների հետ։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը հայտնվել է տարածաշրջանից դուրս վիճակում։

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և  Իրանը շարունակում են զարգացնել իրենց հարաբերությունները բոլոր ուղղություններով, իսկ Հայաստանն անընդհատ քննադատությունների է արժանանում։ Մասնավորապես, օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գտնվում էր Իրանում. նրան ընդունեց երկրի նախագահը։

Իր խոսքում Ռաիսին կարծես զգուշացնում էր, որ Հայաստանը  շատ չթեքվի դեպի Արևմուտք, քանի որ դա որևէ լավ բանի չի տանելու։

Նկատենք, որ այս մասով Հայաստանին երբեմն շատ բաց տեքստով ակնարկում են նաև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։

Հայաստանը, որը կանգնած է նոր հնարավոր պատերազմի շեմին, ակտիվորեն զարգացնում է հարաբերություններն Արևմուտքի հետ։  Մյուս կողմից, բոլորը Հայաստանին են մեղադրում արևմտամետ քաղաքականություն վարելու համար այն պարագայում, երբ Թուրքիան ինքնին ՆԱՏՕ-ի ամենախոշոր անդամներից մեկն է։

Արդյոք Հայաստանը, որը Արևմուտքի հետ, կարելի է ասել, նոր է ակտիվացրել շփումները, Իրանի համար ավելի՞ մեծ վտանգ է ներկայացնում, քան ՆԱՏՕ-ի վաղեմի անդամ Թուրքիան և Իսրայելի մտերիմ բարեկամ Ադրբեջանը։


Իրանական բազմաթիվ ընկերություններ հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելով․ ՀՀ-ում Իրանի դեսպան


Չնայած ընդհանուր այս լարված իրավիճակին`Իրանը և Հայաստանը պայմանավորվել են զարգացնել տնտեսական կապերը և երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել $3 մլրդ-ի։

Այս համատեքստում ուսումնասիրենք 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով  երկու երկրների միջև արտահանման և ներմուծման ծավալների մակարդակը․

Հայաստանից Իրան արտահանման ծավալները 2023թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 14%-ով՝ կազմելով մոտ $95 մլն։

ՀՀ ընդհանուր արտահանման ծավալներում դեպի Իրան արտահանման ծավալների մասնաբաժինը կազմել է 1,1%:

Իրանը ՀՀ ապրանքների համար հսկայական շուկա է, և հարևանների միջև այսչափ նվազ ու անհաստատ հարաբերությունները գովելի չեն։

Մյուս կողմից, Իրանից Հայաստան ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի և ըստ ծագման երկրի, 2023թ-ի հունվար-դեկտեմբերին կազմել է համապատասխանաբար մոտ $612 մլն և $598 մլն։

Ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի, 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճել են մոտ 2%-ով և ըստ ծագման երկրի` նվազել են 0,3%-ով։

ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալներում, ըստ արտահանող երկրի, Իրանից ներմուծման ծավալների մասնաբաժինը կազմել է 5%, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ 4,9%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով