ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:
Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բացառապես էլեկտրոնային եղանակով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ:
«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին: Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով»,- նշվածէ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում