Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել, նա Քննչական կոմիտեում է

2 Min Read

Banksnews.am-ի տեղեկություններով` Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել: Նա այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում է, խափանման միջոցի հարցը կքննարկվի առաջիկայում։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել է Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար մրցույթում առերևույթ չարաշահումների մասին․ 8 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել։

Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ քննչական կոմիտեն հայտարարեց Էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց բացահայտումների մասին, քրեական հետապնդում հարուցվեց նույն օրը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի ու ևս 4 պաշտոնատար անձի նկատմամբ։ Քննչակամ կոմիտեում 2 վարույթ էհարուցվել։ Առաջին վարույթով՝ ըստ քննչական կոմիտեի ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների անհիմն փոխհատուցվել է ընդհանուր շուրջ 238 մլն դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Մեկ այլ վարույթով պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք գնումների մրցույթում ընկերության հաղթանակն ապահովելու համար մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք։ Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հայտնեց հրաժարական տալու մասին։

Կիսվեք այս հոդվածով