Սյունիքում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Կառավարության նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ներքին Հանդի դեպքերին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մտադրությունները նույնն են՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։
«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` ՀՀ-ն, հավատարիմ լինելով պայմանավորվածությանը, ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև այդ հարցերով են աշխատելու։
Իսկ Ադրբեջանն իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության բաղադրիչը։