ՀՀ սահմանամերձ վայրերում հիփոթեքի սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Կառավարությունը 1 տարի ժամանակով՝ մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը, երկարաձգել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության  նիստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ 2022 թվականին մեկնարկած ծրագրով շուրջ 2000 շահառուի պետք է տրամադրվի վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ գործընկեր 4 բանկից արդեն իսկ ստացվել է 412 շահառուի հայտ, որոնք բաշխված են ըստ մարզերի՝ Տավուշում 239, Սյունիքում՝ 54, Արարատում՝ 50, Վայոց ձորում՝ 47, Գեղարքունիքում 22։ Բանկերից մինչ այս պահը տրամադրվել է 1.5 մլրդ դրամի վարկ։

«Շատ քաղաքացիներ էլ շինթույլտվությունները ստացել են, սակայն դեռ չեն դիմել բանկ, սակայն առաջիկա օրերին պատրաստվում են դա անել»,– տեղեկացրել է Մկրտչյանը։
Նա նշել է, որ այս ծրագրով պետությունը մինչև 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումար ու դրա գծով առաջացող տոկոսագումարը` 13% տոկոսադրույքով։ Եթե քաղաքացին ընտրել է ավելի թանկ բնակարան, ապա առաջացած տարբերությունն արդեն կվճարի ինքը։
Ըստ նրա` այս ծրագրի շահառուները պետք է տվյալ բնակավայրում ունենան հող, լինեն ամուսիններ, որոնց ամուսնությունը պետք է ունենա պետական գրանցում, ինչպես նաև` ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2022թ. հոկտեմբերին այս որոշման ընդունումից հետո ամեն ամիս կառավարության նիստում հետաքրքրվում էին, թե քանի շահառու կա, պարզվում էր՝ չկա:

«Հիմա 412 շահառու ունենք։ Այսինքն, 412 վարկ բանկի կողմից հաստատված է։ Ընդ որում, տների մի մասը շինարարության մեջ է։ Նոր մտքով հաշվեցի՝ այս թիվը նշանակում է, որ ընդունման պահից, միջին վիճակագրականով, օրը մի տան վարկի հարց ենք լուծել։ Եվ սա, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ»,- նշել է նա։

Ծրագրով նախատեսվում է, որ վարկը տալիս է բանկը, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսը վճարում է կառավարությունը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով