Գրանթ Թորնթոն Քնսալթինգը Դուբայում կիբեռանվտանգության ծառայություններ մատուցելու հավաստագիր ստացած միակ հայկական ընկերությունն է

3 Min Read

Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ն (Հայաստան) հպարտությամբ և մեծ ոգևորությամբ հայտնում է, որ «Dubai Cyber Force»-ի ծրագրի շրջանակում ստացել է Դուբայի կառավարությանը կիբեռանվտանգության ծառայություններ մատուցելու հավաստագիր՝ ութ ընկերությունների շարքում լինելով միակ հայկականը:

Այս բեկումնային ծրագիրը կյանքի է կոչվել CREST-ի և Դուբայի էլեկտրոնային անվտանգության կենտրոնի (DESC) համատեղ ջանքերով և նշանակալից հիմնաքար է տարածաշրջանում կիբեռանվտանգության չափանիշների բարձրացման և նորարարության խթանման գործում:

«Dubai Cyber Force» ծրագիրը, որը նախաձեռնվել է Դուբայի կիբեռ ինովացիոն պարկի (DCIPark) շրջանակում, նպատակ ունի բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը՝ տրամադրելով հավաստագրված ծառայություններ մատուցողներին և որակավորված մասնագետներին Դուբայի կիբեռանվտանգության շուկայի ավելի մեծ հասանելիություն:

Այս նախաձեռնությունը խթանում է համագործակցությունը Դուբայի պետական կառույցների, կիսակառավարական մարմինների և կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների (CII) շրջանում՝ ուժեղացնելով թվային անվտանգության ամրապնդման և զգայուն տվյալների պաշտպանությունը ապահովելու քայլերը: Իր սկզբնական փուլում ծրագիրը կենտրոնանալու է այն ընկերությունների և մասնագետների հավաստագրման վրա, որոնք առաջարկում են ներթափանցման փորձարկման և միջադեպերի արձագանքման ծառայություններ (Penetration Testing, Incident Response services):

CREST-ի գործադիր տնօրեն Նիք Բենսոնը իր շնորհավորանքն է հղել հավաստագրված ընկերությունների անդրանիկ խմբին՝ խոսելով նրանց ցուցադրած հմտությունների, ունեցած փորձի, ինչպես նաև Դուբայի կիբեռանվտանգության դաշտի պաշտպանության մեջ իրենց ներդրումն ունենալու պատրաստակամության մասին:

«CREST-ը ուրախ է շարունակել իր համագործակցությունը DESC-ի հետ և ողջունում է այս լուրջ քայլը Դուբայի կիբեռանվտանգության հզոր շուկայի կառուցման գործում: Այս նախաձեռնությունը CREST-ի առաքելության առանցքային մասն է. մենք մշտապես հետևողական ենք, որ կիբեռանվտանգության ծառայությունները մատուցվեն միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև այդ ծառայությունները գնող համայնքերի համար էլ ապահովվեն շոշափելի երաշխիքներ»,– նշել է նա:

«DESC-ում գերազանցության մեր հանձնառությունը միանգամայն համահունչ է «Dubai Cyber Force» ծրագրի նպատակներին՝ ապահովելու որակյալ ծառայությունների տրամադրում պետական, կիսակառավարական և կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքներին: Մենք նաև ծառայություններ մատուցողներին տրամադրում ենք բաց հարթակ, որպեսզի նրանք կարողանան իրենց ծառայություններն առաջարկել Դուբայի կառավարությանը»,- մեկնաբանել է Դուբայի էլեկտրոնային անվտանգության կենտրոնի (DESC) հետազոտությունների և նորարարությունների գծով ղեկավար Դոկտոր Բուշրա Ալ Բլոշին:

Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ի (Հայաստան) բաժնետեր, կիբեռանտվանգության, տեխնոլոգիաների և գործարար ռիսկերի ծառայության բաժնի ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը նշում է.

«Գրանթ Թորնթոն Հայաստանը 2017 թ. սեպտեմբերից CREST- ի հավատարմագրված անդամ է, և այժմ էլ մենք անչափ ուրախ ենք «Dubai Cyber Force»-ի ծրագրի շրջանակում ընդգրկվելու կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող առաջին ընկերությունների շարքում: Այս հավաստագրումը, անկասկած, Գրանթ Թորնթոն Հայաստանին կօգնի ընդլայնել իր բիզնեսի սահմաններն, ինչպես նաև կիբեռանվտանգության մեր ծառայությունների համար նոր հնարավորություններ կստեղծի: Հատկանշական է, որ այս հավաստագրումը մեր աշխատանքի իրավասության, մասնագիտական փորձի և որակի ճանաչումն է, ինչպես նաև Գրանթ Թորնթոնի մեր թիմի հանձնառությունը՝ ստեղծելու բացառիկ փորձ մեր հաճախորդների համար»:

Գրանթ Թորնթոն Հայաստանը պատրաստակամ է «Dubai Cyber Force» ծրագրի շրջանակում ստացած իր հավաստագիրը ծառայեցնել կիբեռանվտանգության ոլորտում որակյալ ծառայություններ մատուցելու և Դուբայի թվային ենթակառուցվածքի շարունակական անվտանգությանը նպաստելու կարևոր գործին:

Գրանթ Թորնթոն Հայաստանի կողմից մատուցվող կիբեռանվտանգության ծառայությունների հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով