Lukoil-ը հայտարարել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի 100% բաժնետոմսերի գնման մասին

2 Min Read

«Լուկօյլը» հայտարարել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի և «Открытие Банк Арена» մարզադաշտի 100%-անոց բաժնետոմսերի գնման մասին։ Տեղեկությունը հայտնել է նավթային ընկերության մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում, գրում է Forbes.ru-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունը կհրաժարվի Մոսկվայի «Սպարտակ» ԲԲԸ նախագահի, անդամի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից և չի մասնակցի դրա կառավարմանը։

Ընկերությունը խոստացել է, որ մոտ ապագայում կիրականացնի ակումբի կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններ՝ առավել թափանցիկ և կոլեգիալ որոշումների կայացման մեխանիզմ ստեղծելու համար՝ սպորտի ոլորտում հաջող փորձ ունեցող մասնագետների ներգրավմամբ։

Բացի այդ, «Լուկօյլ»-ը կշարունակի ակտիվորեն զարգացնել ակումբի ենթակառուցվածքները, այդ թվում՝ հանդես գալով որպես ներդրող Տուշինոյում մարզիկների և երկրպագուների համար մարզասրահի և հյուրանոցի կառուցման գործում:

2004 թվականից Մոսկվայի «Սպարտակ»-ը պատկանում է Ֆեդունին և Lukoil-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովին:

Նրանց ծանոթներից մեկը 2015 թվականին Forbes-ին պատմել է, որ 2004 թվականին «Սպարտակը» գնել են հիմնականում Ալեքպերովի փողերով, սակայն նա գերադասել է մնալ ստվերում և վերահսկողությունը տվել է Ֆեդունին։ Վերջինս գլխավորել է ակումբի տնօրենների խորհուրդը՝ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնելով նրան աջակցելու համար։

Ֆեդունի օրոք «Սպարտակը» մեկ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն (2017 թվականին) և մեկ անգամ նվաճել Ռուսաստանի գավաթը (2022 թվականին)։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում ակումբը վեց տուրից հետո գտնվում է երկրորդ հորիզոնականում։

2022 թվականի ապրիլին Ալեքպերովը, ով նաև ընկել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, լքեց նախագահի պաշտոնը և «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդը։ Հունիսին Ֆեդունը հրաժարական տվեց Lukoil-ի փոխնախագահի պաշտոնից՝ կենսաթոշակային տարիքի հասնելու և ընտանեկան խնդիրների պատճառով։

Սակայն Ալեքպերովն ու Ֆեդունը շարունակում են մնալ «Լուկօյլ»-ի բաժնետերեր։

Share This Article
Թողնել մեկնաբանություն