ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք կգնի Փարիզում։ Նախագիծն ըդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ըստ նախագծի՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների, ինչպես նաև Փարիզ քաղաքում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռքբերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2,300,000.0 եվրոյին համարժեք դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ սա նախատեսված գումարի կանխավճարն է՝ ընդհանուր գումարի 10%-ը։ Գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։
Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Նածագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
«Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 քսաներեք միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը»,– նշված է հմնավորման մեջ:
Շենքի գնման ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։
Գործարքի իրականացման համար անհրաժեշտ է նաև կատարել պետական վճարումներ՝ շենքի արժեքի շուրջ 7.5%-ի չափով, որից 6.4%-ը հանրային նշանակության շենքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական տուրքի չափն է, իսկ 1.1%-ը՝ նոտարական ծառայությունների վճարը։
Որոշումն ուժի մեջ է կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում