ՎԿ-ն հրապարակել է 2024թ-ի առաջին ամսվա՝ հունվարի գների մակարդակին վերաբերող վիճակագրությունը: Նկատվում է գնանկման խորացում։
Իհարկե, հանրության շրջանում գնանկումը շատ լավ է ընկալվում, սակայն տնտեսության համար գնանկման խորացումը և երկարատև պահպանումը խոսում է տնտեսությունում որոշակի լճացման մասին։
Իրավիճակը հունվարին հասկանալու համար դիտարկենք 2024թ-ի հունվարի գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի նույն ամսվա և 2023թ-ի դեկտեմբերի համեմատ.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ գները նվազել են 0,9%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, աճել են 1,2%-ով։
Հիշեցնենք, որ 2023թ-ի նոյեմբերին և դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նկատված գնանկումները շարունակվում են նաև 2024թ-ի հունվարին։
Դիտարկենք 2024թ-ի հունվարի գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի նույն ամսվա և 2023թ-ի դեկտեմբերի համեմատ` ըստ տարբեր ապրանքախմբերի.
2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է միայն երկու ոլորտում։
Գների անկմամբ առաջին հորիզոնականում են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5,8%-ով: Երկրորդ հորիզոնականում է կապի ոլորտը`0,5% արձանագրված անկումով:
Մյուս կողմից, 2024թ-ի հունվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը դիտվել է տրանսպորտի ոլորտում՝ 9.2%:
Երկրորդ տեղում են ալկոհոլային խմիչքները, ծխախոտային արտադրատեսակները, որոնց գներն աճել են 7,4%-ով։
Երրորդ հորիզոնականում է հայտնվել կրթության ոլորտը. գներն աճել են 4.8%-ով:
2024թ-ի հունվարին նախորդ ամսվա համեմատ գների անկում դիտվել է հագուստի և կոշիկի, ինչպես նաև տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտներում՝ համապատասխանաբար 0,4%-ով և 0,3%-ով։
2,2%-ով աճել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները։
2024թ-ի հունվարին 2023թ-ի դեկտեմբերի համեմատ 1,5% գնաճ դիտվել է տրանսպորտի ոլորտում:
2024թ-ի հունվարին նախորդ ամսվա համեմատ գների փոփոխություն չի դիտվել կապի և կրթության ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում