Ինչո՞վ են էլեկտրոմոբիլներն ավելի շահավետ․ 2023-ին Հայաստան է ներկրվել 6 441 էլեկտրական շարժիչով մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Վերջին տարիներին կառավարությունն աջակցում է էլեկտրոմոբիլների ներկրմանը։ Դրանք ներկրվում են առանց մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկ չի գանձվում, ազատված են բնապահպանության հարկից, ինչպես նաև Երևանում ազատված են կայանման կամ այսպես ասած՝ Կարմիր գծերի վճարից։

Բացի նշված արտոնություններից, էլեկտրական շարժիչով մեքենաների օգտագործումը քաղաքացիների համար շահավետ է՝ էժան էներգիայի հաշվին․

Այսպես․ եթե միջին հաշվարկով մի ամիս Երևանում երթևեկելու համար անհրաժեշտ է 70 հազար դրամ ծախսել բենզինով մեքենայի դեպքում, էլեկտրական շարժիչով մեքենայի վրա սեփական տան էլեկտրաէներգիայով լիցքավորման դեպքում 15 հազար դրամը բավական կլինի, իսկ արագ լիցքավորման կետերում լիցքավորելու դեպքում՝ մի փոքր ավելի։ Այսինքն՝ 1 ամսվա կտրվածքով այն մոտ 3 անգամ ավելի մատչելի է բենզինով աշխատող մեքենայից։

Իսկ ինչու է Կառավարությունը փորձում խթանել էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործումը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ բացի այն, որ դրանք աշխատում են առանց արտանետումների ու էկոլոգիական խնդիր են լուծում, Հայաստանի համար դրանց կարևոր առավելություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս թուլացնել կախվածությունը Ռուսաստանի առաջարկած վառելիքից:

Իսկ ո՞րն է պատճառը, որ զանգվածային անցում էլեկտրոմոբիլներին տեղի չի ունենում․ տնտեսագետի խոսքով՝ առաջին պատճառը դրանց բարձր գներն են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով