Երևանում այս տարի 400 թեքահարթակ է կառուցվելու։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը ներկայացրել է թեքահարթակների էսքիզները, որոնք լինելու են միակողմ, երկկողմ և եռակողմ, երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով:
«Խոսել ենք շահառուների հետ, քննարկել ենք, հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ տեսողության խնդիր ունեցող հետիոտների համար: Թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով»,- ասել է Տիգրան Գեղամյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ այսուհետ եթե որևէ վարչական շրջանում թեքահարթակ կառուցվի, պետք է պահպանել սահմանված չափորոշիչները:
«Թեքահարթակների մասով, վերջապես, ունենք հստակ ստանդարտ։ Այս տարի պլանավորել ենք կառուցել 400 թեքահարթակ։ Այս ստանդարտին պետք է խստորեն հետևել, անորակ աշխատանք ընդունել չենք կարող։ Եթե որևէ վարչական շրջան թեքահարթակ է կառուցում, այն պետք է համապատասխանի ստանդարտներին»,- ասել է Ավինյանը:
Նա ընդգծել է, որ իրեքն պետք է ուշադիր լինեն, որ շինարարները հետևեն ստանդարտներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում