Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, օրերս հայտարարեց HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռքբերման վերաբերյալ։
Արդշինբանկը հայտարարում է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին
«HSBC Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով 1996 թ -ին, իսկ 1999 թ -ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ: Այս HSBC խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։
*HSBC -ն աշխարհի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկն է, ակտիվների և շուկայական կապիտալիզացիայի առումով Միացյալ Թագավորության ամենամեծ բանկը: Աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների վարկանիշում Forbes Global 2000-ի տվյալներով 2018 թվականին զբաղեցրել է 17-րդ տեղը, իսկ ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում՝ 52-րդ տեղը։ 2017 թվականի դրությամբ այն զբաղեցնում է 7-րդ տեղը խոշորագույն բանկերի ցանկում՝ ըստ ակտիվների չափի։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ HSBC-ի մանրածախ ցանցը ներառում է մոտավորապես 3900 մասնաճյուղ Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի 67 երկրներում և սպասարկում է մոտ 39 միլիոն հաճախորդի: Գործունեության հիմնական շրջաններն են Մեծ Բրիտանիան և Հոնկոնգը։ 2011 թվականից այն դասվում է համաշխարհային համակարգային նշանակություն ունեցող բանկերի շարքին։
Ո՞րն է HSBC- Հայաստանից հեռանալու պատճառը։
«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC Խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբը իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել իր ներկայությունը Հայաստանում»,- նշում են բանկից։
Տնտեսագետ, գործարար Սմբատ Նասիբյանը Banksnews.am-ի հետ զրույցում նշում է․ այս բացատրությունից կարող ենք ենթադրել, որ Հայաստանն այլևս հետաքրքիր չէ HSBC-ի համար։
«Պարզ ասում են՝ այս երկիրն իրենց համար այլևս հետաքրքիր չէ։ Իրենք Բաքվից են դուրս եկել տարիներ առաջ, հիմա էլ Հայաստանից են դուրս գալիս։ Իրենք Եվրոպայից էլ են դուրս գալիս, վերախմբավորվում են, իրենց ռազմավարական ուղղությունը վերցնում են այլ շուկաներ, որտեղ ավելի մեծ զարգացումներ են տեսնում։ Այս գլոբալ խաղացողի համար Հայաստանը, նույնիսկ Եվրոպան այլևս հետաքրքիր չէ»,- նշում է Նասիբյանը։
Նա, այնուամենայնիվ, բացասական է գնահատում աշխարհի խոշորագույն բանկերից մեկի հեռանալը Հայաստանից։
«Շատ վատ է, որ հեռացավ, իհարկե, և ոչ միայն իրենք, շատերն են հեռանում։ Դա շատ վտանգավոր է մեր տնտեսության համար իմ կարծիքով, առավել ևս՝ այդպիսի անուն ունեցող բանկը, ներդրողի առկայությունը շատ մեծ դեր ուներ Հայաստանում։ Այնուամենայնիվ, նրանք հեռացել են նաև Ադրբեջանից, և որքան գիտեմ, հեռանում են նաև Եվրոպայից։ Դա կարող է լինել իրենց ռազմավարական կրճատումների խնդիրը, իրենց պլանի մեջ է մտնում կրճատելը տարբեր տարածքներում, Հայաստանը կարող է մեկը լինել, բայց ցանկացած դեպքում դա վատ է»։
Հարցին՝ արդյո՞ք սա միջազգային ներդրողների համար կարող է բացասական ազդակ լինել, Նասիբյանը պատասխանեց․ «կարծում եմ՝ այո»։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Հայաստանում օտարերկրյա ներդրումներին ու զարգացումներին, Նասիբյանը նշում է՝ լավ բան չի տեսնում։
«Կարծում եմ՝ մենք միայն օգտվել ենք իրավիճակային որոշակի առավելություններից և չենք ստեղծել զարգացման համար կայուն բազա։ Մեզ մոտ ձգված ինչ-որ ցուցանիշներ են, սպառման ծավալների աճ, սպառողական վարկերի աճ, հիփոթեքային վարկերի աճ, կարծում եմ՝ մոտենում ենք այնպիսի մակարդակի, որից հետո նույն տեմպի զարգացում ապահովել գրեթե անհնար կլինի։ Հայաստանի մրցակցային դիրքը շատ թուլանում է․ մենք ուրախանում ենք մի ցուցանիշով, որ մեր համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ բարձրացել է, բայց չենք ասում, որ դարձել ենք շատ թանկ երկիր, որի հետևանքով մեր մրցակցային դիրքը մեր հարևանների համեմատ այս տարածաշրջանում շատ ուժեղ անկել է։ Այսինքն՝ դարձել ենք շատ թանկ երկիր և չենք կարող նույն ձևի ապրանքներ, ծառայություններ արտադրել նույն ծավալով, նույն գնով, ինչ որ արտադրում է, օրինակ, Վրաստանը։ Մեր մրցակցային դիրքը թուլանում է»,- նշում է Նասիբյանը։
Անժելա Պողոսյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում