2023 թվականին Հայաստանն արտահանել է 8 մլրդ 415 մլն 155.1 հազար դոլարի ապրանք, ինչը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով: Այս մասին հայտնել են Վիճակագրական կոմիտեից:
Ըստ տվյալների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է, իսկ ԵՄ երկրներ՝ նվազել:
ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.8 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 609 մլն 284.8 հազար դոլար: Իսկ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8.2 տոկոսով՝ կազմելով 709 միլիոն 514.7 հազար դոլար:
Ավանդաբար Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար: Սա 2022 թվականի նկատմամբ ավել է 38.8 տոկոսով:
ԵԱՏՄ-ի շրջանակում աճել է ոչ միայն Ռուսաստան, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանումը: Ղրղզստան արտահանման ծավալը նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար: Իսկ Բելառուս արտահանման ծավալը կազմել է 91 մլն 929.9 հազար դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 19.5 տոկոսով:
ԵՄ երկրներից 2023-ին Սլովակիա արտահանումը կազմել է 42 մլն 998.9 հազար դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 75.8 տոկոսով:
Հայաստանից Լիտվա արտահանումն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 22 մլն 667.7 հազար դոլար: Արտահանումն աճել է նաև դեպի Իսպանիա, Կիպրոս, Հունգարիա, Չեխիա, Շվեդիա, Պորտուգալիա:
2023-ին Հայաստանից Ֆրանսիա արտահանումը նվազել է 3.2 տոկոսով՝ կազմելով 9 մլն 522.9 հազար դոլար:
2022-ի համեմատ նվազել են նաև Իտալիա, Լեհաստան արտահանման ծավալները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում