Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է եկել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ:
Այս տվյալները հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել է ժամանածների ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 36 հազար 512-ով ավելին է, քան ժամանածներինը:
2022 թվականին տարբերությունը կազմել է 27 հազար 941: 2022-ին տարբեր երկրների անձնագրերով Հայաստան է եկել 3 մլն 394 հազար 371 քաղաքացի, մեկնողների թիվը կազմել է 3 մլն 355 հազար 639 մարդ:
Առավել շատ մարդ Հայաստան է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի (2 մլն 537 հազար 576), Բագրատաշենի (1 մլն 401 հազար 232), Բավրայի (341 հազար 247) և Մեղրիի (308 հազար 690) սահմանային անցակետերով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում