Երևանի ավագանին ընդունել է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում կիրակի օրերին կայանելու համար արտոնություն կիրառելու նախագիծը։
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ առաջարկել են՝ եթե խնդիրը դրված է բեռնաթափել քաղաքի կենտրոնն ու նվազեցնել խցանումները, ապա կիրակի օրերին երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանն էապես քիչ է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ այդ առաջարկը տրամաբանական է և, ընդհանուր առմամբ, համահունչ է իրենց առջև դրված նպատակների հետ․
«Կարող եմ ասել, որ մեր սպասածից նույնիսկ մի փոքր ավելի է այդ բեռնաթափումը տեղի ունեցել»,- նշել է քաղաքապետը:
Նա հավելել է, որ ապագայում ավել տեսանելի արդյունքներ կլինեն:
«Գարնանը մի փոքր ավելի բացահայտ կլինի, թե ինչ կոնկրետ արդյունք է ունեցել հենց միայն այս նախագիծը»,- նշել է քաղաքապետը:
Նա շեշտել է, որ ի սկզբանե հայտարարել են՝ այդ որոշումը ոչ թե հավելյալ գումարներ հավաքագրելու, այլ՝ Կենտրոնը բեռնաթափելու համար էր արված։
Ըստ այդմ, Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կիրակի օրերին կազատվեն վճարից։ Նախագիծն ընդունվեց 34 կողմ ձայնով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում