Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների ու տեսալսողական հաղորդումների տարածումը կանխարգելելու համար ժամ կսահմանվի:
Այս մասին նախագիծը Ազգային ժողովի նիստին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի համահեղինակը Ալեն Սիմոնյանն է:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ 2020-ին օրենսդիրը ՀՀ ՔՕ-ում կատարված փոփոխություններով և լրացումներով արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:
Նաև արձանագրվել է, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրան բնորոշ վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում՝ քայլեր ձեռնարկելով և՛ գործնական, և՛ օրենսդրական մակարդակում:
«Այսօր հաճախ հեռուստառադիոյի եթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր, սերիալներ կամ տեսալսողական հաղորդումներ: Քրեական ենթամշակույթի բաղադրատարրեր պարունակող տեսալսողական հաղորդումները, որտեղ, մասնավորապես, դրականացվում, հերոսացվում են քրեական ենթամշակույթի կերպարները, միանշանակորեն ազդում են անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Վերոնշյալ տեսալսողական հաղորդումները պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության համընդհանուր նորմերը, քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի՝ հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացմանը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ հաճախ անչափահասները ցանկություն են ունենում նմանվել քրեական ենթամշակույթ կրող անձանց:
Ըստ այդմ՝ առաջարկվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 00:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
«Սրանով մենք ուզում են նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների վրա, հատկապես՝ անչափահասների դաստիարակության վրա»,- ասել է նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է, թե հնարավոր չէ՞ ոչ թե արգելել, այլ կոդավորման սկզբունքներ սահմանել: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ կան որոշակ հեռուստաալիքներ, որոնց դեպքում օգտագործվում է այդ մեթոդը:
«Բայց այս դեպքում խոսքը տեսալսողական հաղորդումների, սերիալների, ֆիլմերի մասին է, որոնց չափորոշիչները դեռ պետք է հեռուստահանձնաժողովն էլ սահմանի, և ըստ այդ չափորոշիչների՝ աշխատի նաև արտադրող և ցուցադրող ընկերությունների հետ, որպեսզի մենք կարողանանք եթերը մաքրել այս արատավոր երևույթներից»,- ասել է նա::
Հարակից զեկուցող, ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն ընդգծել է, որ գործող հոդվածներից մեկով այս պահին էլ հնարավորություն կա սահմանել չափորոշիչներ, որոնցով կսահմանափակվի անչափահասների առնչությունը հեռարձակվող քրեական ենթամշակույթ պարունակող կոնտենտին:
«Բայց ԱԺ գործընկերների հետ քննարկումների ժամանակ եկանք այն եզրակացության, որ և՛ իշխող քաղաքական ուժի, և՛ Կառավարության ուղերձը պետք է լինի հստակ, և այս երևույթները պետք է մերժվեն, և այս փոփոխությունը, բացի նրանից, որ հնարավորություն է տալիս ավելի հիմնավոր կարգավորել սահմանափակումները, նաև հստակ ուղերձ է մեր հանրությանը, որ սա այլևս մերժելի է մեր հասարակության համար»,- ասել է Ավետ Պողոսյանը:
Համահեղինակ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ օրենքը բոլոր հարցերը չի լուծում և չի էլ կարող լուծել, բայց քայլ պետք է անել: Նա հիշել է, որ վերջերս մի ֆիլմ է դիտել համացանցում, որի առաջին 5 րոպեներին այնպիսի բառապաշար և բարքեր էին քարոզվում, որ նույնիսկ չի ուզում օրինակ բերել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ դեմ է, որ նման սահմանափակում կիրառվի: Օրինակ, կինոթատրոններում, նման թեմա քննարկվում է, բայց կողմ է, որ պետությունը հանրային տիրույթում այս սահմանափակումների մասով ուղերձներ տա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առհասարակ դեմ է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների ու տեսալսողական հաղորդումների տարածմանը, բայց կարծում է, որ նախագծով նեղ հատվածական խնդիր է լուծվում, մանավանդ որ չենք սահմանում, թե ինչ է նշանակում «քրեական ենթամշակույթի քարոզ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում