Օտարերկրացիների՝ հայաստանյան կայքերով շահումով խաղեր խաղալու հնարավորությունը կհեշտացվի. նախագիծ

3 Min Read

Օնլայն դաշտում գործում են բազմաթիվ կայքեր, որոնք շահումով խաղերի ծառայություններ են մատուցում, հարկ չեն վճարում, լիցենզավորված չեն, և մեր սահմանած կանոններին չեն ենթարկվում, ինչը ռիսկ է ինչպես ֆիսկալ տեսանկյունից, այնպես էլ մարդկանց տեսանկյունից:

Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացնելու հարցը:

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ վերջերս ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով պարտադրել էր ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին նույնականացնել մարդուն և քարտը, երբ նա փորձում է խաղադրույք կատարել: Այս իրավիճակը որոշակիորեն հանգեցրեց այն բանին, որ լիցենզավորված ընկերություններն ավելի կարգավորված դաշտում հայտնվեն, սակայն դրան զուգահեռ դեռ մի շարք խնդիրներ կան չլուծված:

«Առաջարկվում է, որ Կառավարությունը սահմանի կայքերի ցանկը և դիմի ինտերնետ պրովայդերներին, որպեսզի նրանք սահմանափակեն հասանելիությունն այդ կայքերին»,- ասել է նա:

Երրորդ կարգավորումը վերաբերում է աուդիտի պարտադիր պահանջին, քանի որ ոլորտը պետք է լինի գերթափանցիկ: Երկրորդ կարգավորումը վերաբերում է միջազգային մրցունակությանը:

«Սահմանվում է, որ եթե խաղացողը ՀՀ քաղաքացի չէ, եթե գրանցման պահին չի նշել ՀՀ-ն՝ որպես իր բնակության վայր, եթե IP-ով խաղալու պահին նա ՀՀ-ում չէ, և փոխանցումը չի անում ՀՀ բանկից (ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկից), ապա նա կարող է խաղադրույքը կատարել դոլարով: Նաև կարգավորումը սահմանում է, որ ինչ արտարժույթով խաղադրույքը կատարվել է, այն արտարժույթով էլ պետք է շահումը լինի»,- նշել է նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե շահումով խաղերի մասով վիճակագրական թվերից: Ըստ Ավագ Ավանեսյանի՝ շահումով խաղերի տոկոսը ՀՆԱ-ում սկսեց իջնել, երբ Կառավարությունը սկսեց ուշադրություն դարձնել ոլորտին: Այն այժմ ՀՆԱ-ի մեջ 4 տոկոսից իջել է, պատմական մաքսիմումը 6 տոկոս էր 2016-2017 թթ.:

«Ինչ վերաբերում է ինտերնետ շահումով խաղերում խաղադրույքներին, ցավոք, այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ խաղադրույքների բացարձակ թիվը (որ ասում էինք՝ չենք կարողանում կրկնակիները հանել) մոտավորապես 1,75 անգամ աճել է 2023-ը 2022-ի նկատմամբ, բայց համաշխարհային տրենդ էլ կա, և համաշխարհային տրենդն էլ է գերարագ աճում, ու այնպես է, որ բոլորին անհանգստացնում է»,- ասել է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանել է՝ մի կողմից խաղալու հնարավորությունները շարունակաբար փոքրացնելու են, մյուս կողմից՝ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու, որոնք ցանկանում են հայաստանյան կայքերով խաղալ, ավելի հեշտ խաղալ: Նաև դժվարանալու է կամ գրեթե անհնար է դարձվելու ՀՀ-ի քաղաքացիների, ռեզիդենտների խաղալու հնարավորությունը օտարերկրյա կայքերի միջոցով:

«Եթե պիտի խաղան, ինչը շատ վատ է, գոնե խաղան ՀՀ տարածքում»,- նշել է նա:

Նախագծի շրջանակում նաև քննարկվել է կրիպտոարժույթներով խաղադրույք կատարելու խնդիրը, մինչդեռ կրիպտոարժույթը Հայաստանում լիցենզավորված գործունեության տեսակ չէ:

Մյուս խնդիրն էլ այն է, որ օգտատերը կարող է VPN օգտագործել, ինչի արդյունքում հնարավոր չի լինի պարզել, թե, օրինակ, որ երկրից է խաղադրույք կատարողը:

Կիսվեք այս հոդվածով