Երևանի քաղաքապետի տեղակալն անդրադարձել է ուղեվարձի թանկացմանը

5 Min Read

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը միտված է նրան, որ, այնուամենայնիվ, այն սուբսիդիայի ծավալը, որը հիմա բավականին բարձր է, ինչ-որ չափով նվազի:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Ես հստակ եմ ուզում ֆիքսենք, որ այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է: Միևնույն է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է: Այս նախագիծն ուղղված է նրան, որ մենք ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ: Ում որ պետք է սուբսիդավորենք, տրամաբանորեն սուբսիդավորենք, ում որ պետք չէ, չկա դրա տրամաբանական հիմնավորումը, չսուբսիդավորվի:

Երկրորդ՝ քանի որ նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության հավելվածի միջոցով պրոդուկտների ձեռքբերման դեպքում փոքր զեղչ է ավելի նախատեսված, ինչը նույնպես հիմնավորված է, որովհետև ֆիզիկական կրիչների դեպքում ավել ծախս է ենթադրում, և այս ամբողջը բերել նաև թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ, տեսանելի դաշտ: Որովհետև բոլոր քաղաքային իշխանությունները բարձրաձայնել են այս խնդիրի մասին, և ոչ մի քաղաքային իշխանության չի հաջողվել այս խնդիրն ամբողջությամբ լուծել: Դա այն է, որ հանրային տրանսպորտի տիրույթում գոյություն ունի ոչ փոքր չափի ստվերային շրջանառություն: Քանի դեռ կոպեկով է, ժետոնով է, ինչ որ չափով ժետոնների դեպքում, բնականաբար, ավելի քիչ, կոպեկների դեպքում ավելի շատ շրջանառություն կա, որը չի երևում, չի հաշվարկվում, որի վրա տվյալ չես ստանում, ըստ այդմ՝ տվյալահեն որոշում կայացնելու հնարավորություն չի լինում: Այս փոփոխությունն ուղղված է նաև դրան, որպեսզի ավելի տվյալահեն որոշումներ մենք կարողանանք կայացնել»,- նշել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնին, ապա, Սուրեն Գրիգորյանի խոսքով, Արմեն Գալջյանի գրառումը ոչ թե ուղղված էր նրան, որ սակագինը հիմա 100 դրամ է և մնում է 100 դրամ, այլ ուղղված էր նրան, որ ավագանու անդամ իրենց որոշ գործընկերների հրապարակած թվերը սուտ են, մանիպուլյատիվ և իրականության հետ կապ չունեն:


Տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ, կեղծ են. Գալջյան


 

«Այսինքն՝ թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում»,- նշել է քաղաքապետի տեղակալը:

Իսկ թե որքան է թանկանալու ուղևորությունը՝ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ եթե վերցնում են ամեն օր տրանսպորտից օգտվող անձին և վերցնում են, որ, օրինակ, նա օգտվել է ամսական, եռամսյակային կամ տարեկան, այս պահին դրված նախագծով «Թելսելի» տարբերակով 180 դրամին մոտ է:

«11 հազարը բաժանեք 60 ուղևորության: Միջինացված թիվ ասելն իմաստ չունի, որովհետև գոյություն չունի միջինացված ուղևոր: Ուղևորը կա՛մ այս պրոդուկտից է օգտվում, կա՛մ այն, կա՛մ երրորդից: Ամեն մեկի մեջ պետք է հաշվարկը կատարվի»,- նշել է նա: 

Նրա խոսքով՝ ուղևորության ինքնարժեքը, շատ համեստ հաշվարկներով, 220, 230 դրամ է:

«Դա այն հաշվարկն է, որ մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, որ հօգուտ մեզ ենք հաշվել: Այսօր այդ 200 դրամը վճարվում է, ուղղակի 100 դրամ վճարում է ուղևորը, 100 դրամ վճարում է բյուջեն, որը էլի ձևավորվում է քաղաքացու վճարումներից: Այսօրվա սուբսիդիան, եղած համակարգը ինչ-որ մինիմալ շնչելու տրամաբանությամբ է: Դա այն բյուջեն էլ չէ, որ մեր առօրյա պահանջած տրանսպորտային համակարգը մենք ունենալու ենք»,- ասել է նա: 

Անդրադառնալով տրանսպորտի որակի բարելավմանը՝ նա ասել է, որ 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուսների՝ Երևան ժամանելը և ուղեգծերում աշխատելը հենց ուղղված է նրան, որ եթե ոչ 5 րոպե ինտերվալով, ապա էականորեն կբարելավվեն մի շարք ուղեգծերում ինտերվալները և տրանսպորտի որակը, որովհետև շարժակազմերի որակը որոշ, այն է՝ «Գազէլ»-ների, Higer ավտոբուսների, որոնք շատ լավ ծառայել են, բայց արդեն մաշված են և շուտ են փչանում և, ըստ այդմ, ավելի շատ ծախս են ենթադրում, այս որակն էլ է բարելավվելու:

«Ավելին՝ մինչ այժմ երբեք բյուջեում ներառված չի եղել, և այս փոփոխությամբ էլ ներառված չի լինելու տրանսպորտի հետգնման հնարավորությունը: Այսինքն՝ մենք ձեռք ենք բերում տրանսպորտ համայնքային բյուջեով, և այսօրվա սակագինը չի ենթադրում, որ երբ որ այս տասը տարվա շահագործումն ավարտվի այս տրանսպորտի, մենք ունենալու ենք գեներացված այնքան գումար, որպեսզի կարողանանք նոր շարժակազմ բերենք, որպեսզի ոլորտն ինքն իրեն սպասարկի: Սակագնի բարձրացումը ենթադրում է որ ինչ-որ պահի մենք հասնելու ենք նրան, որ այլևս կողքից ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի»,- նշել է նա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով