Ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ իրականացվող վարչական պատասխանատվության միջոցների ծանուցումներն իրականացվում են թղթային տարբերակով՝ «ՀայՓոստի» միջոցով, ինչը մի կողմից բեռ է պետության համար, մյուս կողմից՝ համադրելի չէ ծանուցման ոլորտում միջազգային առաջատար երկրների փորձին:
Ըստ այդմ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ են կատարվել, որոնք Ազգային ժողովի՝ հունվարի 6-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Մենք առաջարկում ենք քաղաքացիներին բերել թվայնացման դաշտ և նրանց հնարավորություն տալ օգտվել թվային հարթակներով ծանուցման հնարավորությունից: Սրան զուգահեռ մենք նաև առաջարկում ենք որոշակի խթանիչ կոմպոնենտ, ինչը կբերի քաղաքացիներին հենց այս դաշտ և կնպաստի փաստաթղթաշրջանառության կրճատմանն այս ոլորտում: Ըստ այդմ՝ նախատեսվում է հետևյալը, եթե քաղաքացիները roadpolice.am հավելվածի միջոցով ներկայացնեն էլեկտրոնային փոստի ընդունելի հասցե, որն իրենց կողմից կհամարվի որպես պատշաճ ծանուցման հասցե, մենք վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը կուղարկենք հենց այդ հասցեի միջոցով, որը թույլ կտա մեր քաղաքացիների համար ի սկզբանե նախատեսված տուգանքի գինն իջեցնել 20 տոկոսի չափով»,- ասել է նախարարի տեղակալը:
Նա պարզաբանել է, որ եթե, օրինակ, տուգանքը 5000 դրամի է, բայց այդ մասին ծանուցումը ստացվել է էլեկտրոնային փոստի միջոցով, քաղաքացուն միանգամից կներկայացվի 20 տոկոսով քիչ տուգանքի չափ, այն է՝ 4000 դրամ:
Երկրորդ առաջարկը վարչական ռեսուրսի խնայողությանն է ուղղված, ըստ այդմ՝ եթե քաղաքացին իր նկատմամբ նշանակված երթևեկության կանոնների խախտման մասով տուգանքը պատրաստակամ է վճարել 15 օրվա ընթացքում, ապա նա ևս 30 տոկոսով քիչ կվճարի, այսինքն՝ 5000 դրամը էլեկտրոնային փոստով ստանալու դեպքում կվճարի 4000 դրամ, իսկ 15 օրվա ժամկետում վճարելու դեպքում՝ ևս 30 տոկոսով քիչ:
Երկու արտոնությունները միասին աշխատելու դեպքում 5000 դրամ տուգանքի համար կվճարվի 2800 դրամ: Նախարարը պարզաբանել է՝ ստացվում է այս տուգանքի չափի դեպքում նախ 5000-ը կդառնա 4000, իսկ 4000-ից 30 տոկոս պահելու դեպքում՝ 2800 դրամ:
Փոփոխությունների փաթեթի ընդունմամբ նախատեսվում է նաև տուգանքների մասով «անհիմն հայցապահանջների» թիվը կրճատել, արդյունքում դատական համակարգը չի ծանրաբեռնվի, հարցապահանջները կֆիլտրվեն մինչև դատարան մտնելը:
«Մեր առաջարկը հետևյալն է, ոստիկանության կողմից կազմվող վարչական պատասխանատվության միջոցների կիրառման դեպքում մինչև դատարան հասնելը, այսինքն՝ մինչև դատական համակարգին ծանրաբեռնելն այս հարցով, մենք կունենանք մի միջանկյալ ֆիլտր, որը կլինի վերադաս վարչարարությունը, այսինքն՝ անպայմանորեն անձը դիմի վերադաս վարչական մարմնին, կարողանա բողոքարկել առաջին փուլով իր ակտը ոստիկանությանը, ապա նոր միայն եթե այդ որոշումը չի բավարարվում, տեղափոխվի դատական համակարգի տիրույթ»,- ասել է նա:
Փաթեթը, ըստ նախնական համաձայնության, ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում