Հայաստանի տնտեսությունը՝ պատանդ տրանսֆերտների ձեռքում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Հայաստանյան իշխանությունները վերջին օրերին ակտիվացրել են խոսակցությունները ՀՀ Սահամանդրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Իսկ որ ամենավատն է՝ թեմային բաց տեքստերով խառնվում են նաև թշնամի հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը։ Արձանագրենք այն փաստը, որ վերջիններս չափազանց շատ են միջամտում ՀՀ ներիքն գործերին։ Ընդ որում՝ թուրք-ադրբեջանական խմբակի ռազմավարությունն այս դեպքում Հայաստանին խորհուրդներ-սպառնալիքներ տալն է։


Հունվարին Թուրքիայի գնաճը կտրուկ աճել է. Financial Times


Փաստացի, ՀՀ բարձրագույն իշխանությունները կարծում են, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի ամբողջ հետագա զարգացման համար։ Սակայն, մեր դիտարկմամբ, տարբեր ոլորտներում կան ՀՀ համար բազմաթիվ այլ մարտահրավերներ, որոնք առաջնահերթ լուծման են սպասում։

Մասնավորապես, Հայաստանը շարունակում է մեծագույն կախվածություն ունենալ արտերկրից փոխանցվող գումարներից. կարծես ՀՀ տնտեսությունը պատանդ լինի տրանսֆերտների ձեռքում։ Յուրաքանչյուր անգամ, երբ արտաքին միջավայրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք հանգեցնում են ՀՀ փոխանցված գումարների անկման, Հայաստանում նկատվում է որոշակի ազդեցությամբ տնտեսական ցնցում։

Իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար դիմենք վիճակագրության օգնությանը․

2023թ-ի միայն դեկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած ամսական փոխանցումների ծավալները կազմել են մոտ $476 մլն, իսկ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ամսական փոխանցումների ծավալները՝ մոտ $317 մլն։ Փաստացի, ստացվում է, որ երկրի ներսում մնացել է մոտ $159 մլն։

ՀՀ մուտք եղած գումարների ծավալները 2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի դեկտեմբերի համեմատ կրճատվել է 19%-ով, և արտերկիր կատարված փոխանցումների ծավալներն աճել են 10%-ով, իսկ երկրի ներսում մնացած գումարների ծավալները կրճատվել են մոտ 53%-ով։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ-ի դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան և Հայաստանից ՌԴ փոխանցումների տարբերությունը կազմել է $258մլն, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ մոտ $31 մլն։

Դրական տարբերությամբ 3-րդ հորիզոնականում է հայտնվել Իռլանդիան՝ մոտ $6 մլն արդյունքով։ Բացասական տարբերության պարագայում առաջին հորիզոնականում է հայտնվել Մոնակոն, որի դեպքում Հայաստան մուտք եղած գումարների ծավալները դեկտեմբերին կազմել են մոտ $12 մլն, իսկ Հայաստանից Մոնակո փոխանցումների ծավալները՝ մոտ $67 մլն։ Արդյունքում ներհոսքի և արտահոսքի տարբերությունը Մոնակոյի պարագայում կազմել է  մոտ -$55 մլն։

Բացասական տարբերությամբ 2-րդ տեղում է ԱՄԷ-ն՝ մոտ -$30 մլն, իսկ 3-րդ տեղում՝ Սինգապուրը՝ մոտ -$13 մլն։

  • Ամփոփոելով կատարված վերլուծությունը` պետք է փաստենք, որ նույնիսկ այն պարագայում, երբ տրանսֆերտների ծավալները կրճատվել են դեկտեմբերին, այդուհանդերձ, հայաստանցիների կախվածությունն այս գումարներից շարունակում է մեծ մնալ։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունները շուտափույթ իրականացնելու փոխարեն միգուցե ճիշտ կլինի անդրադառնալ այս խնդրին։ Վերոնշյալ փոխանցումների արդյունքում Հայաստանում կուտակված գումարները պետք է ճիշտ օգտագործել՝ ոչ թե հարկային գործիքների ուղղակի կիրառմամբ, այլ անուղղակի ձևով մարդկանց դրդելով դրանք իրացնել երկրի համար կարևոր նախագծերում:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով