Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը փետրվարի 5-ին այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն, Մեծամոր և Արաքս բնակավայրեր՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։
Այցի մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Ակնաշեն բնակավայր, որտեղ պետական բյուջեի միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվելու է մանկապարտեզ՝ 291.4 մլն դրամ արժեքով: Աշխատանքների մեկնարկն այսօր տրվեց:
Այցելեցի նաև Արաքս բնակավայրի մանկապարտեզ, ինչպես նաև Արաքս բնակավայրի բուժամբուլատորիա և համայնքապետարան, որտեղ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ քննարկեցինք հետագա ծրագրերն ու անելիքները։
Հաջորդիվ դիտարկեցինք Մեծամոր բնակավայրի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատված մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 33.9 մլն դրամ, որի ֆինանսավորման 70%-ն իրականացվում ՀՀ պետական, իսկ 30%-ը համայնքային բյուջեներից:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատվել էր նաև Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 16.5 մլն դրամ է և ֆինանսավորվելու է 70%-ը պետության, 30%-ը համայնքային բյուջեներից:
Շրջայցի վերջում եղա Արաքս սահմանամերձ բնակավայրում, ծանոթացա 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տան հարակից այգու բարեկարգման և 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքներին:
Մշակույթի տան հարակից այգու բարեկարգման ծրագրի արժեքը 9.2 մլն դրամ է, որը ֆինանսավորվել է 55% կառավարության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են։ Մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման ծրագրի արժեքը կազմում է 50.1 մլն ՀՀ դրամ, որը ֆինանսավորվելու է 60% պետական, 40% համայնքային բյուջեներից:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կառուցվող և վերանորոգվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում կարևորեցինք շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը:
«Նշեմ, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նաև մշակույթի տան առաջին հարկի վերանորոգման ենթածրագիրը՝ 109.9 մլն դրամ արժեքով: Ծրագիրը Ֆինանսավորվելու է 60%-ը` ՀՀ պետական, և 40%-ը` համայնքային բյուջեներից»,- նշված է գրառման մեջ: