ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ 2024 թվականի առաջին խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Գնել Սանոսյանը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98.2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96.1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %:
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է, և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։
Խորհրդակցության ժամանակ նախարարը մարզպետներին, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին հանձնարարել է սերտ փոխգործակցության, ինչպես նաև ճանապարհների պահպանության և շահագործման մոնիթորինգի առցանց ծրագրի միջոցով օպերատիվ վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքների նկատմամբ։
Նախարարը «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզպետներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով հետևել դպրոցներում և մանկապարտեզներում տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև կառուցված և դեռևս շահագործման չհանձնված դպրոցներում և մանկապարտեզներում իրականացնել ստուգայցեր, խստագույնս հետևել կրթական հաստատություններում գույքի պահպանմանը և խնամքին։
Նախարարը հանձնարարել է շարունակական աշխատանք տանել համայնքների հետ՝ վերջիններիս կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՄԺԾԾ-ները հաստատելու բյուջետային պարտադիր առաջադրանքը կատարելու նպատակով։
Քննարկվել է նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր։
ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականին նախատեսված էր հավաքագրել 40 124․5 մլն դրամ, հավաքագրվել է 41 612․5 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 103.7 %։
2022 թվականի համեմատ 34.9 % կամ 10 767․2 մլն դրամով ավել հավաքագրում է իրականացվել։