«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։
Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։ Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ 44 մլն 138 հազար դրամ ուղղվեց մարզի 4 ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակին։ Խոսքը Գյումրու թիվ 1, թիվ 2 պոլիկլինիկաների, Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների մասին է։ 2023 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում իրականացվել են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 17 մլն դրամի»,- հայտնել է Մուշեղ Մուրադյանը՝
Նա նշել է, որ ՀՀ պետական բյուջեից 163 մլն դրամ էլ ուղղվել է «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին։
Անդրադառնալով նոր սարքավորումներին՝ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրել է, որ 2023-ի ընթացքում մարզի բժշկական հաստատությունները համալրվել են նոր և ժամանակակից սարքավորումներով, այդ նպատակին ուղղվել է 27 մլն 180 հազար դրամ։
Ըստ նրա՝ «Գյումրու բժշկական կենտրոնը» շարունակում է «ՍՏՌՈԿ» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի համագործակցությունը «Էրեբունի» ԲԿ-ի հետ: «Էրեբունի» ԲԿ-ն Գյումրու կենտրոնում ներդնելու է «Սիմենս» մակնիշի մագնիսա-ռեզոնանսային շերտագրության նոր սարք։ Ծառայության բացումը տեղի կունենա մոտ 1 ամսից:
«Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրով «Գյումրու բժշկական կենտրոնում» և «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը, «Գյումրու բժշկական կենտրոնում» փորձարարական կարգով ստեղծվել է մարզային նշանակության պրենատալ սկրինինգի ծառայություն, որի տարեկան բյուջեն կազմում է 2 մլն 242 հազար դրամ»,– ասել է մարզպետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում