Հայաստանի հանքարդյունաբերությունը` թիրախում. Ինչ է ուզում Ադրբեջանը

5 Min Read

Ադրբեջանցի մասնագետները սկսել են մշակել Հայաստանի հանքարդյունաբերության քարտեզը։ Այս մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։ Հարևան երկրին այժմ էլ սկսել են մտահոգել Հայաստանի բնապահպանական խնդիրները։

«Քարտեզը ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը, և ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության տեղանքները Ադրբեջանի հետ սահմանին։ Միաժամանակ քարտեզը կպարունակի բնապահպանական տեղեկատվություն՝ ո՞ր գետերն են աղտոտված, որ նյութերով և ուր են հոսում։ Քարտեզը կլինի ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով»,- նշել է ադրբեջանցի գործիչը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ։ Այս մասին ասվում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարության մեջ։


Ինչո՞ւ է պետությունը «փայ մտնում» տարբեր բիզնեսներում․ տնտեսագետները ռիսկեր և գաղտնի պայմանավորվածությունների հավանականություն են տեսնում


Ըստ հայտարարության`սա  կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար․

«Հայտնի է, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։ Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց նրան, որ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը։

Ադրբեջանի մշտական թիրախում են գտնվում Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռևս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ և վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում, ցավոք, վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։

Զարմանալի կազմակերպվածությամբ միջազգային ատյաններին նամակներ գրելով հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետևողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։


Կապանի հանքը վաճառվել է բրիտանական Chaarat Gold կազմակերպությանը


Ադրբեջանի նպատակը Հայաստանին տնտեսապես ծնկի բերելն է, ու բոլորս էլ հասկանում ենք, որ նրանց չեն մտահոգում մեր բնապահպանական խնդիրները։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ադրբեջանը չի թաքցնում, որ ինքը խաղաղության ցանկություն չունի, և միակ նպատակը Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելն է, Հայաստանը որպես անկախ, ինքնիշխան պետություն քարտեզի վրայից ջնջելն է։ Այդ նպատակի համար տարբեր ճակատներում պայքարում է՝ ռազմական, քաղաքական և նաև տնտեսական։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մի քանի ճյուղերն են զարգացել. առաջինը դեպի ՌԴ վերարտահանումն է և ՌԴ-ից վերաներկրումը։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, մեքենաների արտահանումը Ռուսաստան արգելվում է, մեքենաները արտահանվում են Հայաստան, Հայաստանից վերարտահանվում ՌԴ։ Դեպի Ռուսաստան թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումն արգելվում է, և մի ամսում Հայաստանի ոսկու վերամշակումն ավելանում է 13 անգամ և, բնականաբար, այդ ամենը գնում է դեպի ՌԴ։ Այստեղ Ադրբեջանը որևէ բան անել չի կարող, բայց հանքարդյունաբերությունը, որը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է և Հայաստանի արտահանումների էական մասը հանքարդյունաբերական արտադրանք է, այստեղ Ադրբեջանը կարող է ճնշում բանեցնել»,- նշում է Խաչատրյանը։

Պատգամավորը հիշեցնում է Սոթքի հանքավայրի ուղղությամբ պարբերաբար ուղղվող կրակոցներն ու Սոթքի մի մասի օկուպացիան․

«Ադրբեջանը Սոթքի զգալի հատվածը օկուպացրեց, ու անմիջական վտանգ են ներկայացնում Սոթքի հանքավայրի նկատմամբ: Հանքը, անվտանգային նկատառումներից ելնելով, դադարեցրեց աշխատանքը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ մեղադրանք է առաջադրում Արաքսը աղտոտելու համար։ Չեմ զարմանա, որ վաղը նաև Ջերմուկում սկսեն կրակել, եթե Հայաստանը որոշի Ամուլսարի հանքը շահագործել, ինչը կարծեմ այս իշխանությունների մտադրությունն է՝ հաշվի առնելով այն խորհրդավոր պայմանները, որոնց համաձայն «Լիդիան Արմենիա»-ի 12,5 %-ը փոխանցեց Հայաստանի Կառավարությանը։ Տնտեսական ճակատի վրա Հայաստանին հարվածելն է Ադրբեջանի նպատակը, Հայաստանին կապիտուլիացիայի դրդելը, ինչը այս իշխանությունները սիրահոժար անում են։

Նույնն էլ Երասխի գործարանի դեպքն է, ամերիկյան ներդրում է, գործարան են կառուցում, հպարտանում են, ասում են՝ տեսեք՝ գործարան են կառուցում, ադրբեջանցիները գնդակոծում են գործարանը, զոհ է լինում, վերջիվերջո այս իշխանությունները Ադրբեջանի կրակոցներից սարսափած չեն կարողանում լռեցնել կրակոցները, ստիպված գործարանը տեղափոխվում է»:

Հարցին՝ արդյոք չկան միջազգային մեխանիզմներ Հայաստանի տնտեսության դեմ Ադրբեջանի գործողությունները կանգնեցնելու համար, Խաչատրյանը պատասխանեց․

«Մոտ մեկուկես ամիս առաջ Կանադայի նորանշանակ դեսպանին հարցազրույցում հարցրել էին՝ իսկ Կանադան չի՞ պատրաստվում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, նա ասել էր՝ պատժամիջոցների հարցում նույնիսկ Հայաստանում համախոհություն չկա։ Ամբողջ հարցն այն է՝ արդյոք ՀՀ իշխանություններն այդքան քաջություն կունենան ընդվզել Ադրբեջանի դեմ։ Իհարկե, կարող էին գնալ միջազգային դատարան, կարող էին լռեցնել թշնամու կրակակետերը, բայց հայտարարում են՝ խաղաղության դարաշրջան են կերտում, ինչքան էլ թուրքը կրակի։ Աբսուրդ է։ Եթե կա նպատակ՝ միշտ էլ ինչ-որ արդարացում կգտնեն, նպատակը Հայաստանին տնտեսապես ծնկի բերելն է։ Ադրբեջանին այսօր պետք է բնապահպաններին մեջբերել, բնապահպաններին են մեջբերում, բայց դա չի նշանակում մտածում են Հայաստանի բնության համար։ Չմոռանանք, որ Ադրբեջանցիները փակեցին Բերձորի միջանցքը բնապահպանական նպատակով։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա քաղաքական նպատակ էր»։


2024-ին Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքներ կսկսվեն. Lydian Armenia


 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով