Մեծ Բրիտանիայի խոշորագույն նավահանգստում ութօրյա գործադուլ է սկսվել․ «Sky News»

1 Min Read

Մեծ Բրիտանիայում կիրակի օրը՝ օգոստոսի 21-ին, երկաթուղու աշխատակիցներին հետևելով, երկրի խոշորագույն կոնտեյներային նավահանգստի՝ Ֆելիքսթոուի մոտ 2000 աշխատակիցներ, 30 տարվա ընթացքում առաջին անգամ 8-օրյա գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում երկրում ռեկորդային գնաճի և կյանքի թանկացման ֆոնին: Հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Նշենք, որ գործադուլը սկսվել է այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարությունն առաջարկել է աշխատողների աշխատավարձերը բարձրացնել ընդամենը 7 %-ով և վճարել մոտ 590 դոլար միանվագ գումար։ Արհմիությունն այս առաջարկը համարել է անբավարար, քանի որ արդեն հուլիսին գնաճը երկրում կազմել է 10,1 %, որը գերազանցում է 40 տարվա ռեկորդները։

Այնուամենայնիվ, ավելի վաղ արհմիությունում նշել էին, որ Ֆելիքսթոու նավահանգստի աշխատանքի դադարեցումը կարող է հանգեցնել ծովային և ավտոմոբիլային փոխադրումների լոգիստիկայի լուրջ խափանումների:

Հավելենք, որ Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք է նկատվում երկրում ռեկորդային գնաճի ֆոնին։ Բողոքի ակցիաներին մասնակցում են երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ, փաստաբաններ, օդանավակայանների աշխատակիցներ, փոստատարներ և այլ ոլորտների աշխատողներ:

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Լոգիստիկ շղթաների խախտումը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում վառելիքի և սննդամթերքի գների աճին:

Կիսվեք այս հոդվածով