Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1.5 մլրդ գումար հատկացնելը:
Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչև կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, և մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ:
Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:
«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումն էլեկտրոնային տարբերակով, այլ ոչ Հայփոստի միջոցով և թղթային ծանուցման եղանակով, ապա այդ դեպքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 տոկոս զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, եւ, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:
Նա հավելել է, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ` հետագայում իրականացվող գործընթացներին ինտեգրվելու համար, որը թույլ կտա ամբողջովին վերացնել թղթային ծանուցումները և ամբողջական ծանուցումներն ապահովել էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով:
Անդրադառնալով երկրորդ կարևոր փոփոխությանը` Արփինե Սարգսյանը նշել է, որ առկա են շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված վարչական մի շարք ակտեր, որոնք ներկայում գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակներ կան, երբ պետությունը, խնայելով վարչական ռեսուրսն այս խումբ ակտերի կատարման նկատմամբ, նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար:
«Մեր դեպքում բոնուսային համակարգը հետևյալն է. եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ: Այսինքն` եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,- պարզաբանել է փոխնախարարը:
Նա հույս է հայտնել, որ նմանատիպ խթանիչ գործընթացների արդյունքում կհասնեն վարքագծային փոփոխության, ինչը կնպաստի վերջնարդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պարտաճանաչ և պատշաճ վերաբերմունքի:
Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ ևս` հիմնական զեկուցողը շեշտել է, որ դրանց ընդունմամբ հնարավորինս կթոթափվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի խնդրին, օրենսդրական փաթեթի բոլոր կարգավորումների մասով լայնամասշտաբ իրազեկման արշավների կազմակերպմանը:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է առաջարկվող փոփոխությունները:
Ելույթներում պատգամավորները կարևորել են համակարգում արդարության հաստատումը, ծանուցման` էլեկտրոնային համակարգի ներդրումը, ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ընդգծել է թվային դարաշրջանում թվային տեխնոլոգիաների կիրարկումը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, խոսել է բազմախողովակ ծանուցման ինստիտուտի ներդրումային անհրաժեշտության մասին:
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով համապարփակ քննարկման, հարցադրումների համար, նշել է, որ այն կօգնի առավել մանրամասն ներկայացնել առաջարկվող կարգավորումները: Նա շեշտել է, որ նախագիծը նպատակ ունի բարելավել պետություն-քաղաքացի հարաբերությունները, վերացնել թղթային ծանուցման ռեժիմով ունեցած պրակտիկան:
Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագծերի փաթեթը վերամշակելու համար ներկայացրել է երեք առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է լուսաթափանցելիության չափանիշների չպահպանման հետ կապված խախտումների դեպքում կիրառել տուգանային երկու միավոր:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը ներկայացված առաջարկների վերաբերյալ չունի դրական եզրակացություն` ընդգծելով, որ նման բալային փոփոխությունը չափազանց անհամաչափ մոտեցում է: Հանձնաժողովը ձեռնպահ է քվեարկել Արսեն Թորոսյանի ներկայացրած առաջարկություններին:
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում