Քաղաքացիները տեղյակ չեն, որ եթե 4 ժամից ավելի հոսանք չեն ունենում, ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի. Փաշինյան

1 Min Read

Մենք մի շարք ուղղություններով ունենք կարևոր աշխատանք, այդ թվում իրազեկումների հետ կապված։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոսանքի տևական անջատումների դեպքում փոխհատուցման վերաբերյալ հանության շրջանում տեղեկացվածության պակասին։

Վարչապետի խոսքով՝ այսօր գործում է մեխանիզմ, ըստ որի՝ եթե սահմանված ժամկետում քաղաքացու էլեկտրամատակարարումը չի վերականգնվում, քաղաքացիներին փոխհատուցում է վճարվում, մինչդեռ մեր քաղաքացիները գործնականում իրազեկված չեն դրանից:

«Իրենք չգիտեն, որ եթե 4 ժամ և ավելի որևէ տեղ հոսանքի անջատում է տեղի ունենում, ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել ու որոշակի վճարում իրականացնել: ՀԾԿ հանձնաժողովը վերահսկում է դա, և այդ վճարումներն իրականացվում են: Այլ բան, որ քաղաքացիները միշտ չէ, որ դա ֆիքսում են: Շատ կարևոր է նաև, որ մեխանիզմներ կան, որ քաղաքացիները կարող են դիմել ՀԾԿ հանձնաժողովին մատակարարման, էլեկտրաէներգիայի որակի, հանրային ծառայությունների կարգավորման առումով: Մենք ակնկալում ենք, որ այս ուղղություններով պետք է աշխատանքներն ակտիվանան»,- ասել է նա:

Փաշինյանը հավելել է նաև, որ իրենք առաջիկայում շատ ակտիվ են լինելու այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով:

Կիսվեք այս հոդվածով