Շատերի համար, անշուշտ, դժվար է պատկերացնել կյանքն առանց սուրճի։ Հայաստանում սուրճ խմում են գրեթե բոլորը՝ դեռահասներից մինչև տարեցներ։ Շատերիս աշխատանքային սեղաններից անպակաս են հաճելի բուրող գավաթները: Վիճակագրական տվյալները փաստում են, որ օրական 2,3 մլն բաժակ սուրճ է գնվում աշխարհում։
Ընդ որում՝ գնորդների 60%-ը երիտասարդներ են։ Սուրճն ամենավաճառվող ապրանքների շարքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը նավթից հետո։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԱՄՆ-ում սուրճի վաճառքի 60%-ն իրականացվում է աշխատանքային ընդմիջման ժամանակ։
ԱՄՆ-ում սուրճի սպառման մեծ ծավալներով աչքի են ընկնում հատկապես լրագրության, գիտահետազոտական, կրթական և մարքեթինգային ոլորտները։ ԱՄՆ-ի աշխատողների մոտավորապես 70%-ն այն կարծիքին է, որ սուրճի օգտագործումը հանգեցնում է արտադրողականության իրական աճին։
Աշխարհում արտադրվող սուրճի 35%-ը պատկանում է Բրազիլիային։
2-րդ և 3-րդ հորիզոնականներում են Վիետնամը և Կոլումբիան։
Աշխարհում շրջանառվում է երկու տեսակի սուրճ՝ արաբիկա և ռոբուստա։ Ընդ որում՝ շրջանառվող սուրճի 60%-ը արաբիկա է, իսկ 40%-ը՝ ռոբուստա։ Սուրճը դարձել է կապող օղակ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց միջև։
Պատահական չէ, որ Կոստանդնուպոլսում բացված առաջին սրճարանները կամ սուրճի խանութները կոչվում էին «Խոհեմության դպրոցներ», քանի որ այստեղ հավաքվում էին նկարիչներ և գրականագետներ։
Զարմանալի են նաև սուրճի մատուցման ավանդույթները: Թուրիքայում և Հունաստանում սուրճն առաջին հերթին մատուցվոում է տարիքով ավելի մեծերին։ Ճապոնիան հանդիսանում է աշխարհում սուրճի սպառման ծավալներով 3-րդ երկիրը, որտեղ մարդիկ համոզված են, որ սուրճը ամրացնում է առողջությունը, իսկ մաշկը դարձնում է ավելի երիտասարդ։ Սուրճի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի մասին է խոսում այն, որ 2001թ-ին բրազիլիացիները թողարկեցին սուրճի բույրով փոստային առաքման նամականիշներ։ Եվ վերջապես, Եվրոպայում՝ դեռևս սուրճի ներթափանցման վաղ ժամանակահատվածում, սուրճն անվանում էին «արաբական գինի»:
Վերը բերված օրինակները փաստում են, որ սուրճի սպառումը ժամանակակից աշխարհում շարունակում է իր վերելքը։ Հետևաբար, բարձր պահանջարկը չի կարող ազդեցություն չունենալ աշխարհում շրջանառվող արաբիկա և ռոբուստա սուրճերի համաշխարհային գների վրա․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արաբիկա տեսակի սուրճի գներն աճել են 7%-ով՝ կազմելով 1 կգ-ի համար $4,65։
Ուսումնասիրելով արաբիկա տեսակի սուրճի համաշխարհային գների վիճակագրությունը ավելի լայն ժամանակահատվածում՝ 1960 թվականի հունվարից 2023թ-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, կարող ենք փաստել, որ սուրճի միջին գինը կազմել է $2,61 մեկ կիլոգրամի համար, ինչպես նաև գնի նվազագույն մակարդակը դիտվել է 1969 թվականի հուլիսին, երբ 1 կգ սուրճի համար վճարում էին $0,78, իսկ ամենաբարձր գները նկատվել են 1977 թվականի ապրիլին, երբ սուրճի 1 կգ-ը արժեր $7։
Մյուս կողմից վիճակագրական տվյալներից նկատում ենք, ռոբուստա տեսակի սուրճն էականորեն մատչելի է արաբիկա տեսակից։ Այսպես, 2023թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ռոբուստա տեսակի սուրճի գներն աճել են 11%-ով՝ կազմելով 1 կգ-ի համար $2,99։
Ուսումնասիրելով ռոբուստա տեսակի սուրճի համաշխարհային գների վիճակագրությունը 1960 թվականի հունվարից 2023թ-ի դեկտեմբերը ընկած ժամանակահատվածում՝ կարող ենք փաստել, որ սուրճի միջին գինը կազմել է $1,74 մեկ կիլոգրամի համար, ինչպես նաև գնի նվազագույն մակարդակը դիտվել է 1965 թվականի մայիսին, երբ 1 կգ սուրճի համար վճարում էին $0,49, իսկ ամենաբարձր գները նկատվել են 1977 թվականի ապրիլին, երբ սուրճի 1 կգ-ը արժեր $6,88։
- Սուրճի համաշխարհային գների տատանումների վրա ոչ միայն ազդում է սուրճի նկատմամբ առկա հսկա պահանջարկը, այլ նաև կլիմայական փոփոխությունները և տարատեսակ հիվանդությունները սուրճի պլանտացիաներում։ Վերջում նշենք, որ Իտալիայում կառավարությունն այնքան է կարևորում էսպրեսոն, որ նրա գնի նկատմամբ սահմանված է պետական վերահսկողություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում