Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 հազար 656 անձ արդեն դիմել կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Նա տեղեկացրել է, որ կենսաթոշակ այս պահին ստանում են նրանցից 11 հազար 800-ը։ Միայն նպաստի համար դիմել են 2408 անձ, որոնցից 585-ը փաստացի իրենց նպաստները ստացել են:
Տիգրան Խաչատրյանը հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակարան ունեցողների անձանց համար 10.000, իսկ վարձակալության հիմունքներով ապրողների համար 40+10 հազար դրամ աջակցությունը կառավարությունը կշարունակի տրամադրել մինչև մարտ ամիս։
Նա հայտնել է, որ մարզերում տեղաբաշխված բռնի տեղահանված անձանց սննդային ապահովվածության նպատակով մարզպետարանների միջոցով հասցեագրվել է 4.4 միլիարդ դրամ:
«112 հազար անձ եղել է միանվագ 100 հազարական դրամ աջակցություն ստանալու շահառու»,– ասել է նա:
Փոխվարչապետի խոսքով՝ բռնի տեղահանված 17 հազար աշակերտ ընդունվել է հանրակրթական դպրոցներ, 4 հազար ուսանողի համար իրականացվում է կրթաթոշակի աջակցության ծրագիր: Նա հավաստիացրել է, որ այս թիվն առաջիկայում կավելանա:
«Առողջապահության բնագավառում ունենք 69 հազար մարդ, ովքեր առաջնային օղակում հաշվառվածներն են: Սա նաև խողովակ է, որով իրենք կարողանում են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայություններից օգտվել: Այսօրվա դրությամբ մոտ 7 հազար դեպք ունենք, որոնցով անձինք օգտվել են նաև պետպատվերով հիվանդանոցային ծառայություններից»,– ասել է նա։
Խաչատրյանը զեկուցել է նաև, որ 212 ուսուցիչներ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել են մարզեր, բուժաշխատողներից 202-ն աշխատանք են գտել տարբեր հաստատություններում:
«Ընդհանուր առմամբ, 725 մարդ դիմել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցելու համար, և հնարավորություն ենք տվել, որպեսզի իրավաբանական անձինք իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու համար մինչև այսօր վերագրանցվեն և կարողանան սահուն կերպով շարունակել տնտեսական գործունեությունը»,- ասել է փոխվարչապետը:
Նշվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով բռնի տեղահանված 10 հազար մարդ հաշվառվել է որպես վարձու աշխատող:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: