Երևանում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Համաժողովի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը:
«Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գնալով ավելանում է, ինչի մասին են վկայում նաև վիճակագրական ցուցանիշները։ Մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել տնտեսական գործակցությունը»,- նշել է Ռաֆայել Գևորգյանը։
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ չեխական ընկերությունների համար սա լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ենթակառուցվածքների, դպրոցների զարգացման և միջազգային գործընկերների հետ դիտարկվող այլ նախագծերի։
Համաժողովի բացմանը հաջորդած B2B ձևաչափով հանդիպումների ընթացքում գործարարները քննարկել են գործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ՏՏ ոլորտում։