Հայաստանում 2024-ին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով: Այս մասին ասուլիսում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ 2024-ին թոշակները չեն ավելանալու։ Որոշումը կայացվել է 2022 թվականին:
«Այդ ժամանակ մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել ենք այն ճանապարհը, որով մենք բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,-ասել է Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:
«Այսինքն՝ եթե մենք հիմա թոշակները բարձրացնենք այնքան, որքան մենք բոլորս երազում ենք, և հետո հանկարծ մի օր չկարողանանք այդ թոշակները չվճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար: Հետևաբար՝ մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ասել է նախարարը:
Հովհաննիսյանը կարևորել է տնտեսական աճի պոտենցիալը բարելավելը, որ կառավարությունն ապագայում կարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:
«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,-ասել է նա: