Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում 70 տարվա մեջ առաջին անգամ բացվել է ալկոհոլային խմիչքների խանութ։ Այն նախատեսված է միայն ոչ մահմեդական դիվանագետների համար և գտնվում է մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում,– գրում է Russianemirates-ը:
Այս քայլը նախաձեռնվել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի՝ Սաուդյան Արաբիան զբոսաշրջության և բիզնեսի կենտրոն դարձնելու հավակնոտ ծրագրերի շրջանակում:
Այն հիշեցնում է անմաքս առևտրի խանութի, որ սովորաբար բացվում է միջազգային օդանավակայաններում։ Ներկայումս այնտեղ կարելի է գտնել ոգելից խմիչքներ, գինի և առայժմ միայն երկու տեսակի գարեջուր:
Գնումներ կատարելու համար հաճախորդները պետք է ներկայացնեն իրենց դիվանագիտական անձը հաստատող փաստաթուղթը: Խանութում չի կարելի օգտագործել բջջային հեռախոսներ և նկարահանումներ կատարել:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից խանութի բացման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն եղել։
Դիվանագետներն ավանդաբար ալկոհոլային խմիչքներ էին ներմուծում մասնագիտացված կապալառուների օգնությամբ ՝ դիվանագիտական վայրերում օգտագործելու համար։
Ներկայումս Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ աշխարհի այն եզակի երկրներից մեկը, որտեղ խստորեն արգելվում է ալկոհոլի օգտագործումը:
Հարկ է նշել, որ թագավորությունն արգելել է ոգելից խմիչքներ օգտագործել դեռևս 1950-ականների սկզբին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում