Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս:
Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ:
Հոսքագիծը նշված արժեքով հաշվառվել է Համայնքի գույքային հաշվեկշռում:
Համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի որոշման պահանջները, այն է՝ սարքավորումը չի կարող օգտագործվել շահույթ ստանալու նպատակով և պետք է ծառայի բացառապես ի շահ համայնքի բնակչությանը, հոսքագիծը հանձնել է իր եղբորը փաստացի պատկանող՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում գործող ընկերությանը, որտեղ այն 9 տարի շարունակ շահագործվել է ընկերության արտադրական կարիքների համար:
Համայնքի նախկին ղեկավարը 2019 թվականին նախաձեռնել է գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթաց: 95 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է 19 մլն դրամ և Համայնքի ավագանու՝ 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ 24-Ա որոշմամբ՝ նույն ամսվա 26-ին ուղղակի վաճառքով օտարվել է իր եղբորը պատկանող ընկերությանը:
Դատախազը 2022 թվականի մարտի 22-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
2024 թվականի հունվարի 30-ին Համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին և պետությանը պատճառված՝ 116 մլն դրամի վնասը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում