ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։
Արվեստի մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոց
Հանրակրթության ավագ աստիճանում արվեստի ուղղությամբ ուսումնական ծրագրեր ներկայում իրականացվում են Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում և «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։ Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանի 4-9-րդ դասարանների աշակերտները հիմնական կրթությունից հետո այն շարունակում են նախնական մասնագիտական կրթության օղակում՝ ուսումնարանում։
Արվեստի մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցը ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի ակադեմիական կլաստերներից կազմավորված «Արվեստների կլաստերը»: Արվեստների կլաստերում կգործի արվեստի ավագ դպրոցը, որտեղ սովորողին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները։ Արվեստի ավագ դպրոցում պետական պարտադիր հիմնական առարկաների և մասնագիտական առարկաների նպատակային ծրագրերով ուսուցմանը զուգահեռ կրթությունը կազմակերպվելու է հետազոտական աշխատանքների և ուսումնական խմբակների իրականացման միջոցով։
Արվեստի մասնագիտացված ավագ դպրոցի գործունեության ուղղությունները կդասակարգվեն հետևյալ կերպ՝ թատրոն և կինո, գրական ստեղծագործություն, կերպարվեստ (կերպարվեստ և կիրառական արվեստ), երաժշտություն (դաշնամուրային, լարային, փողային, հարվածային գործիքներ, վոկալ՝ դասական, ազգային և ջազ-փոփ), պար (դասական, ժողովրդական, մոդեռն)։
Սպայական կրթության մասնագիտացված ավագ դպրոց
Հանրակրթության ավագ աստիճանում սպայական կրթության ուսումնական ծրագրեր ներկայում իրականացվում են միայն ռազմամարզական վարժարաններում («Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», ԿԳՄՍՆ «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան», ԿԳՄՍՆ «Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարան»): Սպայական կրթության նախամասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են Ոստիկանության ակադեմիայում:
Սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցի նպատակը սովորողներին ՀՀ ուժային կառույցներում ծառայության անցնելուն, սպայական կրթություն իրականացնող միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրակրթությունից շարունակական կրթությանը նախապատրաստելն է, ինչպես նաև սպայական կրթություն ստանալուն ուղղված մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացումը: Այս ուղղությամբ մասնագիտացված ավագ դպրոցում իրականացվելիք մասնագիտական ուսումնական ծրագրերը կարելի է համարել նաև ռեսուրսային համակարգ, քանի որ ՀՀ ուժային կառույցները սպասարկող բուհերին դպրոցն ապահովելու է մասնագիտական նախնական գիտելիքներ ունեցող դիմորդներով:
Սպայական կրթության մասնագիտացված ավագ դպրոցը սպայական կրթության տարբեր ուղղությունների մասնագիտացված նպատակային ուսումնական ծրագրերի միջոցով ապահովելու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող կրթական միջավայր:
Այդ մասնագիտացված դպրոցում հանրակրթությունը հիմնական և նպատակային առարկայական ծրագրերով ուսուցմանը զուգահեռ կազմակերպվելու է սովորողների կողմից հետազոտական աշխատանքների, ուսումնական խմբակների իրականացման միջոցով՝ այդպիսով ապահովելով կարողունակությունների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ) ձևավորումն ու զարգացումը կիրառության մեջ և իրական պայմաններում:
Սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցը ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի ակադեմիական կլաստերներից կազմավորված «Սպայական կլաստերը»: Սպայական կրթության ավագ դպրոցի գործունեության ուղղությունները դասակարգված են՝ ըստ զինված ուժերի (ռազմական գիտություն), ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական, արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ կապված տեսակների, որոնցից սովորողն ընտրում է որևէ ուղղություն՝ որպես իր նախընտրած մասնագիտացված կրթության նպատակային ծրագիր:
Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ավագ դպրոցների ստեղծման ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում